Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 6 · ԴԻՏՈՐԴՆԵՐԸ, ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԻՆՔ, ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ, ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ

Հոդված 31. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Դիտորդների և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրումը, դիտորդների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների և այցելուների վկայականների տրամադրումը

(վերնագիրը լրաց. 05.12.24 ՀՕ-505-Ն)

1. Սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո:

1.1. Որպես դիտորդ չեն կարող հանդես գալ ընտրական հանձնաժողովների անդամները, այդ ընտրություններին մասնակցող թեկնածուները, վստահված անձինք, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետները և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները։

2. Հավատարմագրման վերաբերյալ դիմումները և սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրություններ նշանակելու օրվանից հետո, սակայն ոչ ուշ, քան թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրական ցուցակների գրանցման համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետի վերջին օրը։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպություններին և հիմնադրամներին հավատարմագրման դիմումը, կից փաստաթղթերը և դիտորդների ցանկը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար տրամադրվում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կարող են կատարվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 3 օր առաջ, բացառությամբ այն դեպքի, երբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրած դիտորդների ցանկը լրացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձով, որը կարող է իրականացվել ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 15 օր առաջ։

Հավատարմագրվելու վերաբերյալ դիմում ներկայացնելիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները պարտավոր են ներկայացնել իրենց դիտորդների վարքագծի կանոնները, որոնք պետք է համապատասխանեն ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին և սույն օրենսգրքի կանոնակարգումներին։ Հայաստանի Հանրապետությունում գրանցված հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների կողմից ներկայացված դիտորդների վարքագծի կանոնները հրապարակվում են Հանձնաժողովի համացանցային կայքում։

Հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները կարող են հավատարմագրվել և դիտորդական առաքելություն իրականացնել համատեղ։ Համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները կարող են հանդես գալ մեկ միասնական անվան ներքո, որը չի ասոցացվում թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ։ Համատեղ դիտորդության դեպքում հասարակական կազմակերպությունները և հիմնադրամները ներկայացնում են հավատարմագրման վերաբերյալ համատեղ դիմում և դիտորդների համատեղ ցանկ։ Եթե համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու համար դիմում ներկայացրած հասարակական կազմակերպություններից կամ հիմնադրամներից որևէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա համատեղ դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ դիմումը մերժվում է միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե դիմումի մերժման արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ հասարակական կազմակերպություն կամ հիմնադրամ, ապա այդ հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը հավատարմագրվում է որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։

Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն ու հիմնադրամներն իրենց դիտորդների համար կազմակերպում և անցկացնում են ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման և ուսուցման, ինչպես նաև հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների և չափերի մասին: Մինչև դիտորդների լիազորությունների դադարման համար սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված ժամկետի ավարտը ֆինանսավորման աղբյուրների և չափերի փոփոխությունների դեպքում՝ եռօրյա ժամկետում, համապատասխան հասարակական կազմակերպությունը կամ հիմնադրամը պետք է գրավոր ծանուցի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այդ փոփոխությունների վերաբերյալ:

3. Դիտորդներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում կազմակերպությանը՝ ներբեռնման և տպագրության համար։

4. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի հավատարմագրման մասին դիմումը, եթե կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի պահանջները, կամ դիմումը ներկայացվել է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետների խախտմամբ, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին, կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության կամ հիմնադրամի դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցման, հավատարմագրման դիմումի ներկայացման օրվա դրությամբ տվյալ դիտորդական առաքելության ֆինանսավորման աղբյուրների և չափերի մասին, կամ տվյալ կազմակերպության կամ հիմնադրամի անվանումը ասոցացվում է թեկնածուների կամ ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) անվանումների հետ, կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չի հրապարակել իր գործունեության վերջին տարեկան հաշվետվությունը, կամ տվյալ կազմակերպության կամ հիմնադրամի կառավարման մարմնի որևէ անդամ, բացառությամբ ժողովի անդամների, մասնակցում է տվյալ ընտրություններին թեկնածուի կարգավիճակով, կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամն աջակցում է թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), կամ տվյալ կազմակերպությունը կամ հիմնադրամը կազմակերպում կամ իրականացնում է ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սույն օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների դիտորդների ցանկից հանում է այն անձանց վերաբերյալ տվյալները, որոնք հանդիսանում են ընտրական հանձնաժողովի անդամ կամ տվյալ ընտրություններին մասնակցում են թեկնածուի, տեխնիկական սարքավորումն սպասարկող մասնագետի, վստահված անձի կամ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցչի կարգավիճակով: Սույն կանոնը կիրառվում է նաև հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) կատարվելու դեպքում։

Հավատարմագրման մասին դիմումը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու պահից հասարակական կազմակերպությունը և հիմնադրամը, ինչպես նաև նրանց դիտորդները պարտավոր են պահպանել դիտորդական առաքելության վարքագծի կանոնները, դրսևորել քաղաքական չեզոքություն, չկազմակերպել կամ չիրականացնել քարոզչություն կամ հակաքարոզչություն, հրապարակայնորեն որևէ կանխակալ դիրքորոշում չարտահայտել կամ նախապատվելի վերաբերմունք չդրսևորել թեկնածուների, ընտրություններին մասնակցող կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) հետ կապված որևէ հարցի նկատմամբ։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդների ցանկից հանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց վերաբերյալ տվյալները։

4.1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումը, եթե հավատարմագրվելուց հետո ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց առկայության պայմաններում հավատարմագրման վերաբերյալ դիմումը կմերժվեր: Հավատարմագրումն ուժը կորցրած է ճանաչվում նաև այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպությունը խախտում է սույն հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության պահանջները, այդ թվում՝ օրենքով կամ կազմակերպության կանոնադրությամբ այդ կազմակերպությունը ներկայացնելու լիազորությամբ օժտված անձանց, կառավարման մարմինների անդամների, բացառությամբ ժողովի անդամների, կողմից կամ այլ եղանակներով նշված պահանջների խախտման միջոցով։ Եթե սույն մասում նշված դեպքում համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններից որևէ մեկը չի համապատասխանում սույն օրենսգրքի պահանջներին, ապա Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչում համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը միայն այդ կազմակերպությանը վերաբերելի մասով։ Եթե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից համատեղ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների հավատարմագրումը մի մասով ուժը կորցրած ճանաչվելու արդյունքով սույն օրենսգրքով սահմանված պահանջներին համապատասխանում է միայն մեկ կազմակերպություն, ապա այդ կազմակերպությունը համարվում է հավատարմագրված որպես առանձին դիտորդական առաքելություն իրականացնող։

Սույն հոդվածի 1.1-ին մասում առկա հանգամանքները դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումից հետո ի հայտ գալու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հավատարմագրված դիտորդների ցանկից հանում է որպես դիտորդ հանդես գալու իրավունք չունեցող անձանց վերաբերյալ տվյալները։ Դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպության (համատեղ հանդես եկող դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների) հավատարմագրումն ուժը կորցրած ճանաչվելու և հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ կատարելու վերաբերյալ դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունները ծանուցվում են մեկ օրվա ընթացքում։

Սույն հոդվածի 4-րդ մասի երրորդ պարբերության պահանջները խախտած դիտորդի տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ հանվում են հավատարմագրված դիտորդների ցանկից։

5․ Դիտորդի կողմից որևէ թեկնածուի, ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ քարոզչություն կատարելու, ինչպես նաև սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի նախագահը կարող է դիտորդին հեռացնել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից՝ ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ։ Ընտրական հանձնաժողովի նախագահն այդ մասին անմիջապես տեղեկացնում է վերադաս ընտրական հանձնաժողովին։

6. Դիտորդների լիազորությունները դադարում են ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո` 8-րդ օրը, եթե ընտրության արդյունքները դատարան չեն բողոքարկվել: Ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկվելու դեպքում դիտորդների լիազորություններն ավարտվում են դատական ակտի հրապարակման օրվա հաջորդ օրը, եթե ընտրության երկրորդ փուլ կամ վերաքվեարկություն չի նշանակվել: Ընտրության երկրորդ փուլի և վերաքվեարկության դեպքում դիտորդների կրկին հավատարմագրում չի պահանջվում, սակայն հավատարմագրված դիտորդների ցանկում փոփոխություններ (լրացումներ) թույլատրվում են սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով և ժամկետում:

7. Այցելուներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա:

7.1. Միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչներին վկայականներ տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հայտերի հիման վրա:

8. Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի ներկայացուցիչները (այսուհետ` զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներ) քվեարկության օրը կարող են իրականացնել ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվելուց հետո: Լրատվական գործունեություն իրականացնողը կարող է հավատարմագրել իր ներկայացուցիչներին, եթե առնվազն մեկ տարի իր անունից տարածում է լրատվության միջոց: Մեկ տարվա սահմանափակումը կիրառելի չէ, եթե լրատվական գործունեություն իրականացնողը լրատվության միջոց է տարածում վերգետնյա եթերային հեռարձակմամբ:

Զանգվածային լրատվության միջոցները հավատարմագրման վերաբերյալ դիմումը Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում ընտրությունները նշանակելու օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան քվեարկության օրվանից 10 օր առաջ։ Հավատարմագրման հայտը հաստատվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը զանգվածային լրատվության միջոցին տրամադրում է օգտահաշիվ, որը կարող է վերականգնվել յուրաքանչյուր ընտրությունից առաջ։ Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ցուցակը կարող է փոփոխվել քվեարկության օրվանից մինչև 3 օր առաջ։

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչներին տրվող վկայականներն ինքնաշխատ կերպով գեներացվում են Հանձնաժողովի համացանցային կայքում և անմիջապես հասանելի դառնում զանգվածային լրատվության միջոցին՝ ներբեռնման և տպագրության համար։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժում է զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների հավատարմագրման մասին դիմումը, եթե այն չի բավարարում սույն հոդվածի պահանջները, կամ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման պահանջներին:

Զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցչի կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքում, որն էապես խաթարում է ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ տվյալ ներկայացուցիչը կարող է հեռացվել հանձնաժողովի նիստից, իսկ քվեարկության օրը՝ տեղամասային կենտրոնից:

9. Դիտորդների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հավատարմագրման կարգը, հավատարմագրման համար անհրաժեշտ փաստաթղթերի էլեկտրոնային ձևերը և Հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դրանց ներկայացման կարգը, դիտորդների, միջազգային դիտորդներին և այցելուներին ուղեկցող թարգմանիչների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այցելուների վկայականների ձևերը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

(31-րդ հոդվածը լրաց. 30.06.16 ՀՕ-119-Ն, 20.10.16 ՀՕ-158-Ն, փոփ. 04.05.18 ՀՕ-318-Ն, խմբ., լրաց. 07.05.21 ՀՕ-202-Ն, 05.12.24 ՀՕ-505-Ն, խմբ., լրաց., փոփ. 23.01.26 ՀՕ-2-Ն)

(20.10.16 ՀՕ-158-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(07.05.21 ՀՕ-202-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(հոդվածի 26.12.17 ՍԴՈ-1396 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 04.05.18 ՀՕ-318-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխությամբ)

(05.12.24 ՀՕ-505-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։