Հոդված 114. Բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելու և շահութաբաժիններ վճարելու իրավունքի սահմանափակումները
Հոդված 114. Բաժնետիրական ընկերության արտոնյալ բաժնետոմսեր և պարտատոմսեր թողարկելու և շահութաբաժիններ վճարելու իրավունքի սահմանափակումները
1. Բաժնետիրական ընկերությունն իրավունք ունի թողարկել արտոնյալ բաժնետոմսեր, որոնք դրանց տերերին երաշխավորում են շահութաբաժիններ ստանալ, որպես կանոն, բաժնետոմսերի անվանական արժեքից որոշված տոկոսներով` անկախ բաժնետիրական ընկերության տնտեսական գործունեության արդյունքից, ինչպես նաև մյուս բաժնետերերի համեմատությամբ նախապատվության իրավունքով ստանալ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքի մասը և նման բաժնետոմսերի թողարկման պայմաններով նախատեսված այլ իրավունքներ:
Արտոնյալ բաժնետոմսերը դրանց տերերին իրավունք չեն տալիս մասնակցել բաժնետիրական ընկերության գործերի կառավարմանը, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:
Արտոնյալ բաժնետոմսերի բաժինը չպետք է գերազանցի բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ընդհանուր ծավալի քսանհինգ տոկոսը:
2. Բաժնետիրական ընկերությունները կարող են թողարկել ապահովված և չապահովված պարտատոմսեր` անկախ կանոնադրական կապիտալի չափից:
3. Բաժնետիրական ընկերությունն իրավունք չունի շահութաբաժիններ հայտարարել և վճարել, եթե բաժնետիրական ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է նրա կանոնադրական կապիտալից կամ շահութաբաժիններ վճարելու արդյունքում կպակասի դրա չափից:
(114-րդ հոդվածը խմբ. 04.05.18 ՀՕ-324-Ն)
⚖Հոդված 115. Բաժնետիրական ընկերության կառավարումը
1. Բաժնետիրական ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի իրավասությանն են պատկանում`
1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը.
2) ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների ընտրությունն ու նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
3) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցերի լուծումը վերապահված չէ տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասությանը.
4) ընկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների հաշիվները հաստատելը ու նրա շահույթները և վնասները բաշխելը.
5) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասությանն օրենքով վերապահված հարցերը չեն կարող փոխանցվել ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) կամ գործադիր մարմինների իրավասությանը, բացառությամբ «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և կանոնադրությամբ սահմանված դեպքերի:
2. Հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում ստեղծվում է տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ):
Տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) ստեղծելու դեպքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի նրա իրավասությունը:
3. Ընկերության գործադիր մարմինը կարող է լինել կոլեգիալ (վարչություն, տնօրինություն) և (կամ) միանձնյա (տնօրեն, գլխավոր տնօրեն): Գործադիր մարմինը ղեկավարում է ընկերության ընթացիկ գործունեությունը և հաշվետու է տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) ու բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն է պատկանում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված` ընկերության կառավարման մյուս մարմինների իրավասության մեջ չմտնող բոլոր հարցերի լուծումը:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):
4. Բաժնետիրական ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում է սույն օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ընկերության կանոնադրությանը համապատասխան:
5. Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումն այն բաժնետերերի պահանջով, որոնք տիրապետում են ընկերության քվեարկող բաժնետոմսերի կամ դրանցով տրամադրվող ձայների քանակի առնվազն տասը տոկոսին, պետք է անցկացվի ցանկացած ժամանակ:
Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
(115-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.05.21 ՀՕ-238-Ն, փոփ. 15.06.22 ՀՕ-258-Ն)