Հոդված 570.2. Ռեպո պայմանագիրը
Հոդված 570.2. Ռեպո պայմանագիրը
1. Ռեպո պայմանագրով կողմերից մեկը՝ վաճառողը, պարտավորվում է մյուս կողմին՝ գնորդին, պայմանագրով սահմանված ժամկետում որպես սեփականություն փոխանցել արժեթղթեր, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար, այնուհետև պայմանագրով սահմանված ժամկետում վաճառողին հետ վաճառել ձեռք բերված արժեթղթերին համարժեք արժեթղթեր, վաճառողն էլ պարտավոր է ընդունել այդ արժեթղթերը և վճարել դրանց դիմաց պայմանագրով սահմանված որոշակի գումար:
2. Սույն գլխի իմաստով արժեթղթերը համարվում են համարժեք, եթե թողարկվել են միևնույն թողարկողի կողմից, միևնույն թողարկման մաս են կազմում, ունեն նույն տեսակը, անվանական արժեքը, բնութագրիչ հատկանիշները և նույն քանակի կամ ծավալի են, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
3. Սույն գլխի 1-ին պարագրաֆով սահմանված կանոնները տարածվում են ռեպո պայմանագրերի վրա, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի միջև կնքված պայմանագրով, և եթե դա չի հակասում սույն պարագրաֆի դրույթներին կամ ռեպո պայմանագրի էությանը:
4. Ռեպո պայմանագիրը «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով չի հանդիսանում ածանցյալ ֆինանսական գործարք:
5. Ռեպո պայմանագիրը կնքվում է գրավոր: Գրավոր ձևը չպահպանելը հանգեցնում է ռեպո պայմանագրի անվավերության: