Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-06-01-ից մինչև 2023-08-12։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1020. Ապահովագրական հատուցումը և ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը

գործել է մինչև 2023-08-12Բացել ARLIS-ում

Հոդված 1020. Ապահովագրական հատուցումը և ապահովագրական գումար վճարելուց ապահովագրողին ազատելը

1. Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրողն ազատվում է ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելուց, եթե՝

1) ապահովագրական պատահարը առաջացել է որպես հետևանք՝

ա) միջուկային պայթյունի, ճառագայթման կամ ռադիոակտիվ վարակման ներգործության,

բ) ռազմական գործողությունների, ինչպես նաև զորաշարժերի կամ այլ ռազմական միջոցառումների,

գ) քաղաքացիական պատերազմի և օրենքով սահմանված այլ դեպքերի.

2) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի` դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.

3) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրական օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է ապահովագրական ռիսկը գնահատելու համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ:

2. Ապահովագրողն ազատվում է ապահովագրված գույքը պետական մարմինների կարգադրությամբ առգրավելու, բռնագրավելու, ռեկվիզիցիայի, դրա վրա արգելանք դնելու կամ այն ոչնչացնելու հետևանքով առաջացած վնասների համար ապահովագրական հատուցում վճարելուց, եթե այլ բան նախատեսված չէ ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով:

3. Ապահովագրողը չի ազատվում ապահովագրական հատուցում և ապահովագրական գումար վճարելու պարտականությունից, եթե՝

1) ապահովադիրն այլ անձի մեղքով խախտել է ապահովագրավճարի հետ չկապված պարտականությունը, և այդ խախտումը չի հանգեցրել ապահովագրական պատահարի կամ այլ վնասի առաջացմանը.

2) ապահովադիրը չի կատարել ապահովագրական ռիսկը նվազեցնելու կամ ապահովագրական ռիսկի մեծացումը կանխելու իր պարտականությունը, և այդ պարտականությունը չկատարելը չի հանգեցրել ապահովագրական պատահարի առաջացմանը.

3) ապահովադիրն ապացուցում է, որ ապահովագրական պատահարի տեղի ունենալու մեջ բացակայում է դիտավորությունը:

(1020-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

&#9878Հոդված 1021. Վնասի հատուցման պահանջի իրավունքն ապահովադրից ապահովագրողին անցնելը (սուբրոգացիա)

1. Եթե այլ բան նախատեսված չէ ապահովագրության պայմանագրով, ապա ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովադրին (ապահովագրված անձին) պատճառված վնասից բխող նրա (կամ շահառուի) պահանջի իրավունքը վնասը պատճառած անձի նկատմամբ անցնում է ապահովագրողին` նրա կողմից հատուցված գումարի մասով: Դիտավորյալ վնաս պատճառած անձի նկատմամբ պահանջի իրավունքն ապահովագրողին անցնելը բացառող պայմանագրի պայմանն առոչինչ է:

2. Ապահովագրողն իրեն անցած պահանջի իրավունքն իրականացնում է ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) և վնասների համար պատասխանատու անձի միջև հարաբերությունները կարգավորող կանոնների պահպանմամբ:

3. Ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) պարտավոր է ապահովագրողին հանձնել իր պահանջի իրավունքը հավաստող փաստաթղթերն ու այլ ապացույցներ` հայտնելով ապահովագրողի կողմից իրեն փոխանցված պահանջի իրավունքն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ տեղեկությունները:

4. Եթե ապահովադիրը (ապահովագրված անձը, շահառուն) հրաժարվել է ապահովագրողի կողմից հատուցված վնասների համար պատասխանատու անձի նկատմամբ պահանջի իրավունքից, կամ այդ իրավունքն իրականացնելն անհնարին է դարձել ապահովադրի (ապահովագրված անձի, շահառուի) մեղքով, ապա ապահովագրողը լրիվ կամ համապատասխան մասով ազատվում է ապահովագրական հատուցում վճարելուց և իրավունք ունի պահանջելու վերադարձնել ավելորդ վճարված հատուցման գումարը:

(վերնագիրը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն)

(1021-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։