Հոդված 886.2. Փոխարկելի փոխառություն
Հոդված 886.2. Փոխարկելի փոխառություն
1. Փոխառության պայմանագրով, որի համաձայն փոխառու է հանդիսանում բաժնետիրական կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, կարող է նախատեսվել, որ փոխառության գումարի կամ դրա մասի վերադարձի և (կամ) տոկոսների կամ դրանց մի մասի վճարման պարտավորության փոխարեն փոխառության պայմանագրով սահմանված դեպքերում և պայմաններով փոխառուն պարտավոր է փոխատուի օգտին տեղաբաշխել համապատասխանաբար պայմանագրով սահմանված կարգով որոշված քանակի, տեսակի և դասի բաժնետոմսեր կամ տրամադրել բաժնեմասեր (փոխարկելի փոխառության պայմանագիր):
2. Փոխարկելի փոխառության պայմանագրում բաժնետոմսերի կամ բաժնեմասերի փոխարկման հնարավորությունը սահմանվում է պայմանագրի կնքման պահին:
3. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված ֆինանսական կազմակերպությունները կարող են կնքել փոխարկելի փոխառության պայմանագրեր ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը կարգավորող օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում, կարգով և պայմաններով։
4. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի` բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը սահմանվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման կարգը սահմանվում է «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
6. Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության դեպքում փոխառու ընկերության կանոնադրական կապիտալում դրամական ներդրումներն իրականացված են համարվում Հայաստանի Հանրապետության դրամով` փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Արտարժույթով տրամադրված փոխարկելի փոխառության պայմանագրով նաև սահմանվում է, որ փոխարկման մասին պահանջը (սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության դեպքում՝ դիմումը) փոխառու ընկերության կողմից ստանալու (կամ ստացված համարվելու) օրը փոխառությունը նորացվում ու փոխարինվում է դրամային փոխառությամբ, որի շրջանակներում փոխառության գումարը փոխարկվում է Հայաստանի Հանրապետության դրամի նույն օրվա համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով։
(886.2-րդ հոդվածը լրաց. 12.05.25 ՀՕ-114-Ն)
(12.05.25 ՀՕ-114-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)