Հոդված 892. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր
Հոդված 892. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիր
1. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով մի կողմը (ֆինանսական գործակալը` ֆակտորը) մյուս կողմին (հաճախորդին) հանձնում կամ պարտավորվում է հանձնել դրամական միջոցներ` ի հաշիվ հաճախորդի (վարկատուի)` երրորդ անձից (պարտապանից) ունեցած դրամական պահանջի, որը բխում է հաճախորդի կողմից երրորդ անձին ապրանքներ տրամադրելուց, նրա համար աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց, իսկ հաճախորդը ֆինանսական գործակալին զիջում է կամ պարտավորվում է զիջել այդ դրամական պահանջը:
Պարտապանի նկատմամբ դրամական պահանջը հաճախորդը կարող է ֆինանսական գործակալին զիջել նաև վերջինիս հանդեպ իր պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով:
2. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագրով ֆինանսական գործակալի պարտավորությունները կարող են ներառել հաճախորդի համար հաշվապահական հաշվառում վարելը, ինչպես նաև հաճախորդին` զիջման առարկա համարվող դրամական պահանջների հետ կապված այլ ֆինանսական ծառայություններ մատուցելը:
3. Դրամական պահանջի զիջման դիմաց ֆինանսավորման պայմանագիրը կնքվում է գրավոր: