Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2004-02-14-ից մինչև 2004-06-26։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ §

Հոդված 101. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը

գործել է մինչև 2004-06-26Բացել ARLIS-ում

Հոդված 101. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասը փոխանցելը

1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցն իրավունք ունի ընկերության կանոնադրական կապիտալում իր բաժնեմասը կամ դրա մասը վաճառել կամ այլ ձևով զիջել տվյալ ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների:

2. Ընկերության մասնակցի կողմից իր բաժնեմասը (դրա մասը) երրորդ անձանց օտարել թույլատրվում է, եթե այլ բան նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:

3. Ընկերության մասնակիցներն իրենց բաժնեմասերին համամասնորեն օգտվում են մասնակցի բաժնեմասը (դրա մասը) գնելու նախապատվության իրավունքից, եթե այդ իրավունքի իրականացման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ: Այն դեպքում, երբ ընկերության մասնակիցները տեղեկացվելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ ընկերության կանոնադրությամբ կամ նրա մասնակիցների համաձայնությամբ նախատեսված այլ ժամկետում չեն օգտվում գնելու նախապատվության իրավունքից, մասնակցի բաժնեմասը կարող է օտարվել երրորդ անձի:

4. Եթե, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրությանը համապատասխան, մասնակցի բաժնեմասի (դրա մասի) օտարումը երրորդ անձանց հնարավոր չէ, իսկ ընկերության մյուս մասնակիցները հրաժարվում են այն գնելուց, ընկերությունը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը:

5. Մասնակցի բաժնեմասը (դրա մասը) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ձեռք բերվելու դեպքում, ընկերությունը պարտավոր է այն իրացնել այլ մասնակիցների կամ երրորդ անձանց` սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված ժամկետներում ու կարգով կամ նվազեցնել իր կանոնադրական կապիտալը` սույն օրենսգրքի 98 հոդվածի 4-րդ և 5-րդ կետերին համապատասխան:

6. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կանոնադրական կապիտալի բաժնեմասերն անցնում են ընկերության մասնակից քաղաքացիների ժառանգներին և իրավաբանական անձանց իրավահաջորդներին, եթե ընկերության կանոնադրությամբ նախատեսված չէ, որ նման անցումը թույլատրվում է միայն ընկերության մնացած մասնակիցների համաձայնությամբ: Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված կարգով ու պայմաններով` բաժնեմասն անցնելու համար համաձայնություն չտալը հանգեցնում է մասնակցի ժառանգներին (իրավահաջորդներին) դա վճարելու կամ դրա իրական արժեքը բնեղենով հատուցելու` ընկերության պարտականությանը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։