Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը
Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու կարգը
1. Առանց դատարան դիմելու՝ գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարել, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնել թույլատրվում է, եթե՝
1) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված ու նոտարական կարգով վավերացված համաձայնությունը, պայմանով, որ գրավի պայմանագիր կնքելու համար չի պահանջվել երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, կամ առկա է գրավի պայմանագրի կնքման համար համաձայնություն կամ թույլտվություն տված երրորդ անձի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին, կամ
2) դա նախատեսված է նոտարական կարգով վավերացված գրավի պայմանագրով, պայմանով, որ գրավի պայմանագիր կնքելու համար չի պահանջվել երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, կամ առկա է գրավի պայմանագրի կնքման համար համաձայնություն կամ թույլտվություն տված երրորդ անձի՝ նոտարական կարգով վավերացված համաձայնությունը՝ առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:
2. Գրավի առարկայի վրա բռնագանձում կարող է տարածվել միայն դատարանի վճռով, եթե գրավի առարկան օրենքով կամ այլ իրավական ակտով ճանաչված է հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք:
Եթե գրավի առարկան հանրության համար նշանակալից պատմական, գեղարվեստական կամ մշակութային արժեք ունեցող գույք է, ապա առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի իրացման գումարի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու, ինչպես նաև գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու թույլտվությունը կամ համաձայնությունն առ ոչինչ է:
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված համաձայնության բացակայության դեպքում գրավ դրված գույքի հաշվին գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարվում են դատարանի վճռով:
(249-րդ հոդվածը խմբ. 31.03.03 ՀՕ-521-Ն)