Հոդված 1106. Լիցենզային պայմանագիր
Հոդված 1106. Լիցենզային պայմանագիր
1. Լիցենզային պայմանագրով մտավոր գործունեության արդյունքի կամ անհատականացման միջոցի նկատմամբ բացառիկ իրավունք ունեցող կողմը (լիցենզատուն) մյուս կողմին (լիցենզառուին) թույլատրում է օգտագործել մտավոր սեփականության համապատասխան օբյեկտը:
2. Լիցենզային պայմանագիրը ենթադրվում է հատուցելի: Լիցենզային պայմանագրում պետք է սահմանվեն վարձատրության չափը և (կամ) այն որոշելու կարգն ու դրա վճարման ժամկետները:
3. Լիցենզային պայմանագիրը պետք է սահմանի տրամադրվող իրավունքները, դրանք օգտագործելու սահմանները և ժամկետները:
4. Լիցենզային պայմանագրով լիցենզառուին կարող են տրամադրվել`
1) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու և այլ անձանց թույլտվություն տալու լիցենզատուի իրավունքը (հասարակ, ոչ բացառիկ լիցենզիա).
2) մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունք` պահպանելով այն օգտագործելու լիցենզատուի իրավունքը, սակայն, առանց այլ անձանց թույլտվություն տալու իրավունքի (բացառիկ լիցենզիա).
3) օրենքով թույլատրվող լիցենզիայի այլ տեսակներ: Եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով, լիցենզիան ենթադրվում է հասարակ (ոչ բացառիկ):
5. Լիցենզառուի կողմից մտավոր սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքն այլ անձի տրամադրելու մասին պայմանագիրը ենթալիցենզային պայմանագիր է: Լիցենզառուն իրավունք ունի ենթալիցենզային պայմանագիր կնքել միայն լիցենզային պայմանագրով նախատեսված դեպքերում:
Լիցենզառուն պատասխանատվություն է կրում լիցենզատուի առջև ենթալիցենզառուի գործողությունների համար, եթե այլ բան նախատեսված չէ լիցենզային պայմանագրով: