Հոդված 1134. Հեղինակային պայմանագրի պայմանները
Հոդված 1134. Հեղինակային պայմանագրի պայմանները
1. Հեղինակային պայմանագիրը պետք է նախատեսի`
1) ստեղծագործությունն օգտագործելու եղանակները (տվյալ պայմանագրով փոխանցվող կոնկրետ իրավունքները).
2) այն ժամկետը, որով փոխանցվում է ստեղծագործությունն օգտագործելու իրավունքը.
3) ստեղծագործությունն օգտագործելու յուրաքանչյուր եղանակի համար վարձատրության չափը և (կամ) դրա որոշման կարգն ու այն վճարելու ժամկետները:
2. Հեղինակային պայմանագրում տարածքի, որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը, վերաբերյալ պայմանի բացակայության դեպքում պայմանագրով փոխանցվող իրավունքի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով:
3. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմանագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունքները:
4. Ստեղծագործությունն օգտագործելու համար վարձատրության չափը որոշվում է հեղինակային պայմանագրով` կողմերի համաձայնությամբ: Եթե ստեղծագործությունը հրատարակելու կամ դրա այլ վերարտադրության վերաբերյալ հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է ամրագրված գումարի տեսքով, ապա պայմանագրով պետք է սահմանվի ստեղծագործության առավելագույն տպաքանակը:
5. Վարձատրություն ստանալու իրավունքից հեղինակի կամ նրա ժառանգների հրաժարվելու վերաբերյալ համաձայնությունն առոչինչ է:
6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակի փոխանցել այլ անձանց` միայն պայմանագրով ուղղակի նախատեսված դեպքում: