Հոդված 19. Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը
Հոդված 19. Պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանությունը
1. Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը:
Քաղաքացու պատվի և արժանապատվության պաշտպանությունը, շահագրգիռ անձանց պահանջով, թույլատրվում է նաև նրա մահից հետո:
2. Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածվել են զանգվածային լրատվության միջոցներով, ապա դրանք պետք է հերքվեն զանգվածային լրատվության նույն միջոցներով:
Եթե նշված տեղեկությունները պարունակվում են կազմակերպությունից ելնող փաստաթղթում, ապա նման փաստաթուղթը պետք է փոխարինվի կամ հետ կանչվի:
Այլ դեպքերում հերքման կարգը սահմանվում է դատարանով:
3. Քաղաքացին, ում մասին զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվել են նրա իրավունքները կամ օրենքով պաշտպանվող շահերը ոտնահարող տեղեկություններ, իրավունք ունի իր պատասխանը հրապարակել զանգվածային լրատվության նույն միջոցներում:
4. Քաղաքացին, ում մասին տարածվել են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկություններ, իրավունք ունի այդ տեղեկությունները հերքելու հետ միասին պահանջել հատուցելու դրանց տարածմամբ պատճառված վնասները:
5. Եթե քաղաքացու պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները տարածած անձին պարզելն անհնար է, անձը, ում մասին նման տեղեկություններ են տարածվել, իրավունք ունի դիմել դատարան` տարածված տեղեկություններն իրականությանը չհամապատասխանող ճանաչելու պահանջով:
6. Քաղաքացու գործարար համբավի պաշտպանության մասին սույն հոդվածի կանոնները համապատասխանաբար կիրառվում են իրավաբանական անձի գործարար համբավի պաշտպանության նկատմամբ:
ԵՐԿՐՈՐԴ ԲԱԺԻՆ
ԱՆՁԻՆՔ
(ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐ)