Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները
Հոդված 968.4. Ֆոնդի կանոնները
1. Ֆոնդի կանոններն այն պայմաններն են, որոնց համապատասխան կնքվում են տվյալ ֆոնդի կառավարման պայմանագրերը: Սույն կետով նախատեսված պայմանները միասնական են տվյալ ֆոնդի բոլոր մասնակիցների համար, (հոդված 444): Ֆոնդի կանոններով նախատեսվում են իր կազմում առկա ենթաֆոնդերի ներդրումային քաղաքականության, եկամուտների բաշխման քաղաքականության, ֆոնդի փայերի տեղաբաշխման և (կամ) հետգնման վճարների, ենթաֆոնդերի ակտիվների արժույթի, կառավարչի պարգևավճարի առանձնահատկությունները (առկայության դեպքում):
2. Ֆոնդի կանոնները առնվազն ներառում են նաև`
1) ֆոնդի ներդրումային քաղաքականությունը, ներառյալ՝ ներդրումների ուղղությունները, սահմանաչափերը և այլ յուրահատուկ (աշխարհագրական, ճյուղային և այլն) սահմանափակումները.
2) ֆոնդի փայերի թողարկման, տեղաբաշխման և հետգնման կարգը և պայմանները (ներառյալ` դրանց տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսներ, զեղչատոկոսներ), ինչպես նաև հետգնման ու հետգնման կասեցման դեպքերը և ժամկետները).
3) ֆոնդի եկամուտների բաշխման քաղաքականությունը, կարգը և պայմանները.
4) ֆոնդի կառավարչին վճարվող պարգևավճարների և այլ վճարների տեսակները, չափը և հաշվարկման կարգը.
5) ֆոնդի փայի հաշվարկային արժեքի, ինչպես նաև տեղաբաշխման և հետգնման (մարման) գների որոշման և ֆոնդի մասնակիցների տեղեկացման կարգն ու ժամկետները.
6) ֆոնդի ակտիվների գնահատման և ֆոնդի զուտ ակտիվների արժեքի հաշվարկման կարգը.
7) ֆոնդի կառավարման այն գործառույթների ցանկը, որոնք կարող են պատվիրակվել երրորդ անձի (նման հնարավորության նախատեսման դեպքում):
3. Սույն օրենսգրքի 968.12 հոդվածով նախատեսված ֆոնդերի կանոնների նկատմամբ չեն տարածվում սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, և դրանցում ներառման ենթակա պայմանները սահմանվում են օրենքով և դրա հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Այդ ֆոնդերի կանոնների հիման վրա ֆոնդի կառավարման պայմանագրեր չեն կնքվում:
(968.4 հոդվածը փոփ. 22.12.10 ՀՕ-253-Ն)