Հոդված 1003.1. Ապահովագրական հատուցման նվազեցումը և հատուցման մերժման հիմքերը
Հոդված 1003.1. Ապահովագրական հատուցման նվազեցումը և հատուցման մերժման հիմքերը
1. Ապահովագրական ընկերությունն իրավունք ունի նվազեցնելու կամ մերժելու ապահովագրական պայմանագրով վճարման ենթակա ապահովագրական հատուցման վճարումը, եթե՝
1) ապահովագրական պատահարն առաջացել է ապահովադրի կամ ապահովագրված անձի կամ շահառուի դիտավորությամբ կատարված գործողությունների հետևանքով.
2) ապահովագրության պայմանագիր կնքելիս ապահովադիրն ապահովագրության օբյեկտի վերաբերյալ ներկայացրել է կեղծ տեղեկություններ կամ թաքցրել է դրանք.
3) ապահովադիրը հատուցում է ստացել երրորդ անձից, որը պատասխանատու է պատճառված վնասի համար այն չափով, որքանով հատուցում ստացվել է վնաս պատճառած անձից.
4) առկա են ապահովագրական հատուցման վճարումը նվազեցնելու կամ մերժելու` օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքեր:
2. Ապահովագրական հատուցման նվազեցման կամ հատուցման մերժման դեպքում ապահովագրական ընկերությունը կայացնում է պատճառաբանված որոշում, որը հնգօրյա ժամկետում պատվիրված նամակով առաքվում է ապահովադրին (շահառուին)` նրա մշտական բնակության հասցեով:
(1003.1 հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն, խմբ. 18.05.10 ՀՕ-69-Ն)