Հոդված 1179. Ծագման տեղանվան իրավական պահպանությունը
Հոդված 1179. Ծագման տեղանվան իրավական պահպանությունը
(վերնագիրը փոփ. 29.04.10 ՀՕ-61-Ն)
1. Ծագման տեղանուն է համարվում տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի աշխարհագրական անվանումը, որը ծառայում է այն արտադրանքը նշելու համար, որը ծագել է տվյալ տարածքից, որոշակի տեղանքից կամ երկրից, և որի յուրահատուկ որակը կամ այլ բնորոշ հատկանիշները գլխավորապես կամ բացառապես պայմանավորված են տվյալ աշխարհագրական բնապայմաններով (ներառյալ` բնական և մարդկային գործոնները), և որի արտադրությունը, վերամշակումը և պատրաստումը տեղի են ունենում տվյալ աշխարհագրական վայրում:
2. Ծագման տեղանվանն իրավական պահպանություն է տրամադրվում դրա գրանցման հիման վրա: Ծագման տեղանունը գրանցում է լիազոր մարմինը:
Գրանցման հիման վրա տրվում է ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայագիր:
3. Վկայագիր տալու, գրանցումն ու վկայագրերն անվավեր ճանաչելու և դրանց գործողությունը դադարեցնելու կարգն ու պայմանները որոշվում են «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Ծագման տեղանվան իրավական պահպանության հետ կապված և սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
(1179-րդ հոդվածը փոփ. 24.11.04 ՀՕ-141-Ն, լրաց. 15.06.06 ՀՕ-143-Ն, փոփ., խմբ. 29.04.10 ՀՕ-61-Ն)