Հոդված 44. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը
Հոդված 44. Կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ վճարելը
1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված անձի` հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության չներկայանալու և մահանալու դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
2. Բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված, բայց կենսաթոշակ նշանակելու համար չդիմած անձի մահվան դեպքում հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ, եթե հաշմանդամը մահացել է հաշմանդամ ճանաչվելու օրվանից հետո` 3 ամսվա ընթացքում:
3. Ծառայությունից սահմանված կարգով արձակված, ինչպես նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված և կենսաթոշակի իրավունք ձեռք բերած, սակայն կենսաթոշակ նշանակելու համար չդիմած և ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց կամ հաշմանդամ ճանաչվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, մահացած նախկին զինծառայողի հուղարկավորությունը կատարած անձին նշանակվում և վճարվում է թաղման նպաստ:
4. Բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի մահվան դեպքում թաղման նպաստ չի վճարվում, եթե հուղարկավորությունը կատարում է այդ կազմակերպությունը:
5. Թաղման նպաստը նշանակվում է, եթե հուղարկավորությունը կատարվել է Հայաստանի Հանրապետությունում, կամ կենսաթոշակառուն մահացել է Հայաստանի Հանրապետությունում: Թաղման նպաստը նշանակվում է գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը անձի մահվանից հետո` վեց ամսվա ընթացքում, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում:
Թաղման նպաստը վճարվում է անկանխիկ կամ կանխիկ եղանակով` նշանակելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակների վճարման համար սահմանված ժամկետից ոչ ուշ: Սույն պարբերությամբ սահմանված ժամկետում թաղման նպաստը չվճարելու դեպքում չվճարված թաղման նպաստի գումար վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է թաղման նպաստը նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:
Կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման մեղքով չվճարված թաղման նպաստի գումարը վճարվում է առանց ժամկետի սահմանափակման:
6. Թաղման նպաստ նշանակելու և վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և թաղման նպաստի չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
7. Թաղման նպաստի սահմանվող չափը չի կարող պակաս լինել նախկին չափից:
(44-րդ հոդվածը լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն, լրաց. 21.12.15 ՀՕ-1-Ն)