Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՆԵՐԸ ԵՎ ՍՏԱԺԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 29. Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 29. Աշխատանքային ստաժում հաշվառվող ժամանակահատվածները

1. Կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են`

1) Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու), 2013 թվականի հունվարի 1-ից հետո քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում կատարվող աշխատանքներից, մատուցվող ծառայություններից եկամուտ ստանալու և այլ գործունեության ժամանակահատվածները, ինչպես նաև ԽՍՀՄ տարածքում աշխատանքային և այլ գործունեության ժամանակահատվածները.

2) անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները, բացառությամբ այն ժամանակահատվածների, երբ անհատ ձեռնարկատերը համարվել է բացառապես միկրոձեռնարկատիրության (մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը՝ ընտանեկան ձեռնարկատիրության) սուբյեկտ կամ օգտվել է «Սահմանամերձ բնակավայրերում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով կամ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից.

3) սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածը (բացառությամբ ուսումնական հաստատությունում ուսման ժամանակահատվածի).

4) աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունեցող` հաշմանդամ ճանաչված անձի հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածը` մինչև նրա տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալը:

2. Կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տարիքային աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի, իսկ հաշմանդամության կենսաթոշակ նշանակելիս սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում աշխատանքային ստաժում հաշվառվում են նաև`

1) գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը.

2) ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի` հաշմանդամ երեխային մինչև նրա 18 տարին լրանալը կամ խնամակալ ճանաչված անձի` առաջին խմբի հաշմանդամին խնամելու ժամանակահատվածը` տասը տարուց ոչ ավելի.

3) ծնողներից (որդեգրողներից) մեկի` մինչև յուրաքանչյուր երեխայի երկու տարին լրանալը երեխային խնամելու ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

4) Կառավարության սահմանած վայրերում (զորամասերում) ծառայող` զինծառայող ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` ութ տարուց ոչ ավելի.

5) օտարերկրյա պետությունում գործող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմին դիվանագիտական ծառայության մեկնած ամուսնու հետ համատեղ ապրած ժամանակահատվածը` հինգ տարուց ոչ ավելի.

6) ուսումնական հաստատություններում, բացառությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունների, առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածը` վեց տարուց ոչ ավելի.

7) բռնադատված կամ քրեական հետապնդման ենթարկված և հետագայում օրենքով սահմանված կարգով արդարացված անձի` կալանքի տակ գտնվելու, ազատազրկման վայրերում և աքսորավայրերում պատիժ կրելու ժամանակահատվածները` եռակի չափով` սկսած 14 տարեկանից.

8) սույն օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 3-րդ կետի «դ», «զ» ենթակետերով սահմանված կարգով հաշվարկված ժամանակահատվածները:

3. Մինչև 2013 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, արտոնագրային վճար վճարելու, գյուղատնտեսական նշանակության հողի սեփականատեր լինելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե`

1) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և ստացել է աշխատավարձ.

2) անձը ենթակա է եղել պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության և վճարել է պարտադիր սոցիալական ապահովության վճարներ, իսկ մինչև 2008 թվականի հունվարի 1-ը` պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ (այսուհետ` սոցիալական վճար):

4. 2013 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության, գործատուների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (վարձու աշխատանք կատարելու), քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքներ կատարելու, ծառայություններ մատուցելու, անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու, 2018 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում արտոնագրային հարկ (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը` արտոնագրային վճար) վճարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների՝

1) անձը ստացել է աշխատավարձ (եկամուտ).

2) անձը վճարել է եկամտային հարկ:

4.1. 2018 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր լինելու, որպես նոտար պաշտոնավարելու ժամանակահատվածները հաշվառվում են աշխատանքային ստաժում, եթե, ըստ սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների, անձը վճարել է շահութահարկ:

5. Ժամանակավոր անաշխատունակության և Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված նպատակային արձակուրդի ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ աշխատավարձ ստանալու (սոցիալական վճար կամ եկամտային հարկ կամ շահութահարկ վճարելու) հանգամանքից:

6. Սույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված զինվորական ծառայության ժամանակահատվածները աշխատանքային ստաժում հաշվառվում են անկախ պարտադիր կենսաթոշակային սոցիալական ապահովագրության ենթակա լինելու և սոցիալական վճար կատարելու հանգամանքից:

7. Միջազգային կազմակերպությունում աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու (պաշտոնեական պարտականությունները կատարելու) ժամանակահատվածները կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառվում են սույն օրենքի բաղկացուցիչ մաս կազմող 1-ին հավելվածով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող կենսաթոշակային վճարը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում, անձի համար կատարված լինելու դեպքում:

(29-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, 21.12.15 ՀՕ-1-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն, լրաց. 17.11.17 ՀՕ-218-Ն, փոփ., խմբ., լրաց. 21.12.17 ՀՕ-287-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, 01.07.19 ՀՕ-112-Ն, փոփ., խմբ. 25.06.19 ՀՕ-77-Ն)

(29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում 25.06.19 ՀՕ-77-Ն օրենքի 1-ին հոդվածի 1-ին կետի փոփոխությունը հնարավոր չէ իրականացնել՝ կետում նշված բառերի բացակայության պատճառով, որոնք հանվել են նախորդ փոփոխողի՝ 01.07.2019 ՀՕ-112-Ն օրենքի 3-րդ հոդվածով:)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։