Հոդված 41. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը
Հոդված 41. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը և վերականգնելը, կենսաթոշակ վճարելը դադարեցնելը և վերսկսելը
1. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է`
1) կենսաթոշակառուի մահվան, ինչպես նաև նրան մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու դեպքում.
2) հաշմանդամության ժամկետը լրանալու դեպքում.
3) կերակրողին կորցնելու դեպքում նշանակված կենսաթոշակի սահմանված ժամկետը լրանալու կամ այդ կենսաթոշակի իրավունքը կորցնելու դեպքում.
4) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով, 13-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ, 5-րդ, 5.1-ին կետերով սահմանված կարգով կենսաթոշակ նշանակելուց հետո կենսաթոշակառուի աշխատելու դեպքում, բացառությամբ դատավորի և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձի, որի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է հանրային ծառայության անցնելու դեպքում.
5) սույն օրենքով զինվորական կենսաթոշակ նշանակելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայության անցնելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնի նշանակվելու դեպքում.
6) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալու կամ բնակվելու իրավունքը դադարելու դեպքում.
7) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
8) Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու` մշտապես կամ առավելապես օտարերկրյա պետությունում բնակություն հաստատելու դեպքում (Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում օտարերկրյա պետությունում իր բնակության վայրի հասցեով հաշվառվելու դեպքում), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության բնակության վայրի (հասցեի) հաշվառումից դուրս գալու և մեկամսյա ժամկետում չհաշվառվելու դեպքում.
9) օտարերկրյա քաղաքացուն այլ պետությունում կենսաթոշակ նշանակելու կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն և Հայաստանի Հանրապետության երկքաղաքացուն Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունում կենսաթոշակ նշանակելու դեպքում.
10) կենսաթոշակի իրավունքը կորցնելու կամ կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.
11) Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետություններ մշտական բնակության մեկնող (մեկնած) անձանց կենսաթոշակի գործերն ուղարկելու դեպքում.
12) (կետն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-200-Ն)
13) (կետն ուժը կորցրել է 12.12.13 ՀՕ-156-Ն)
14) կենսաթոշակառուի` իր կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու մասին նոտարական կարգով վավերացված հայտարարությունը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում ներկայացնելու դեպքում.
15) անձին սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակ նշանակված լինելու դեպքում:
Սույն մասում նշված դեպքերում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:
Սույն մասի 2-րդ կետում նշված դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ անձը կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունք է ձեռք բերել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետով սահմանված հիմքով` հաշմանդամ ճանաչվելու կամ հաշմանդամ ծնողներ կամ զավակներ ունենալու հետևանքով, կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է հաշմանդամության ժամկետը լրանալու օրվանից:
Առկա (ցերեկային) ուսուցմամբ ուսումնական հաստատությունում սովորող անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է տվյալ տարվա հուլիսի 1-ից:
2. Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է`
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարելու դեպքում.
2) կենսաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձին) տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում.
2.1) եթե կենսաթոշակը վճարվում է լիազորագրով (ներկայացվել է կենսաթոշակը լիազորագրով վճարելու դիմում)՝ լիազորագրի գործողության ժամկետը լրանալու կամ կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու կամ լիազորագիրը տալու ամսվան հաջորդող տասներկուամսյա ժամկետը լրանալու դեպքում.
2.2) եթե անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուն տասներկու ամիս անընդմեջ բացակայում է Հայաստանի Հանրապետությունից (կենսաթոշակը կենսաթոշակառուի օրինական ներկայացուցչին՝ ծնողին, որդեգրողին կամ խնամակալին վճարվելու դեպքում).
3) սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով հայտարարությունը չստորագրելու (բանկ կամ Ազգային օպերատորին չներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից չհաստատվելու) դեպքում:
Կենսաթոշակ վճարելը դադարեցվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելու օրվանից, իսկ սույն մասի 2-րդ, 2.1-ին, 2.2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում` այդ հանգամանքներն առաջանալու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
3. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է`
1) կենսաթոշակառուին մահացած կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը վերացնելու վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնելու և գրավոր դիմելու դեպքում` կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվանից.
2) 18 տարին լրացած անձի` կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու օրվանից, եթե ուսման մասին ուսումնական հաստատությունից տեղեկանք է ներկայացվում այդ օրվանից հետո` 6 ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո տեղեկանք ներկայացնելու դեպքում` գրավոր դիմելու օրվանից.
3) սույն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված հիմքով դադարեցված լինելու դեպքում`
ա. տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու օրվանից,
բ. աշխատանքից ազատվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
4) հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում` դադարեցնելու օրվանից, իսկ հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` տասներկու ամսվա ընթացքում, հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից` բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից ստացված` անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանքի հիման վրա.
5) օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքի ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին բնակվելու իրավունք ձեռք բերելու մասին փաստաթուղթը ներկայացնելու դեպքում` բնակության իրավունք ձեռք բերելու օրվանից.
6) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքով կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվելուց հետո համապատասխան մարմիններում զինվորական ծառայությունից արձակվելու, ինչպես նաև քրեակատարողական ծառայողի, դատական ակտերի հարկադիր կատարողի, դատախազի, քննչական կոմիտեի ծառայողի, հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի կամ դատավորի պաշտոնից ազատվելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու դեպքում` արձակվելու կամ ազատվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո դիմելու դեպքում` գրավոր դիմելու և անհրաժեշտ փաստաթուղթ ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից.
7) հաշմանդամության ժամկետը լրանալուց տասներկու ամիս հետո հաշմանդամ ճանաչվելու դեպքում` հաշմանդամ ճանաչվելու օրվանից, եթե դիմումը ներկայացվել է հաշմանդամ ճանաչվելուց հետո` երեք ամսվա ընթացքում, իսկ այդ ժամկետից հետո դիմելու դեպքում` դիմելու օրվանից:
Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվելու դեպքում տվյալ կենսաթոշակի իրավունքը չի վերանայվում: Այս դեպքում կենսաթոշակի չափը հաշվարկվում է` հաշվի առնելով աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը, աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը և կենսաթոշակառուի անձնական գործակիցը, իսկ զինվորական կենսաթոշակի դեպքում` զինծառայողի անձնական գործակիցը, զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար սահմանված հիմնական կենսաթոշակի չափը և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:
8) (կետն ուժը կորցրել է 15.11.17 ՀՕ-200-Ն)
3.1. Հաշմանդամության ժամկետը լրանալուց հետո` երեք ամսվա ընթացքում, կրկին հաշմանդամ ճանաչվելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելիս կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու օրվան հաջորդող ժամանակահատվածի համար կենսաթոշակը վճարվում է հաշմանդամության նոր խմբի համար հաշվարկված կենսաթոշակի չափով:
3.2. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի, կենսաթոշակ ստանալու իրավունքը չի վերականգնվում. այս դեպքում անձին կենսաթոշակ է նշանակվում գրավոր դիմումի և կենսաթոշակի գործում առկա կամ դիմումի հետ ներկայացված փաստաթղթերի հիման վրա:
3.3. Կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո Հայաստանի Հանրապետության հետ կենսաթոշակային ապահովության բնագավառում միջազգային պայմանագիր կնքած պետությունից ստացված կենսաթոշակի գործի հիման վրա կենսաթոշակ նշանակելիս գործում առկա՝ մինչև կենսաթոշակի գործը Հայաստանի Հանրապետությունից այդ պետություն տեղափոխելը (կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ստաժը պահպանվում է նույնությամբ, եթե օրենսդրությամբ սահմանված չեն ստաժի հաշվարկման ավելի բարենպաստ պայմաններ: Այս դեպքում եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված կենսաթոշակի չափը ցածր է մինչև կենսաթոշակի գործը տեղափոխելը (կամ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելը) Հայաստանի Հանրապետությունում վճարված կենսաթոշակի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին չափով: Սույն մասի դրույթները չեն տարածվում այն դեպքերի վրա, երբ կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվել է կենսաթոշակի գործում կեղծ (ոչ հավաստի) փաստաթղթեր հայտնաբերելու հիմքով։
4. Կենսաթոշակ վճարելը վերսկսվում է`
1) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի, 3-րդ կետի «բ» ենթակետի, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերի հիման վրա վերականգնվելու կամ կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 2.1-ին կետերի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն, իսկ տասնչորս տարեկան չդարձած անչափահաս կենսաթոշակառուի կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի դեպքում (եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում)` նրա օրինական ներկայացուցիչը (ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմումը և անհրաժեշտ մյուս փաստաթղթերը ներկայացնում է անձամբ, իսկ 2-րդ մասի 2.2-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից` օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա, եթե կենսաթոշակառուն գտնվում է Հայաստանի Հանրապետությունում.
2) կենսաթոշակ ստանալու իրավունքը սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «ա» ենթակետի հիման վրա վերականգնվելու դեպքում` անձի տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ 3-րդ մասի 4-րդ կետի հիման վրա վերականգնվելու դեպքում՝ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից անձի հաշմանդամությունը հաստատող տեղեկանք ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից.
3) կենսաթոշակ վճարելը սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հիման վրա դադարեցված լինելու դեպքում` սույն օրենքի 35-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված հայտարարությունն ստորագրելու (բանկ կամ Ազգային օպերատորին ներկայանալու կամ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկի կամ Ազգային օպերատորի կողմից հաստատվելու) մասին բանկից կամ Ազգային օպերատորից տեղեկատվություն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե այդ տեղեկատվությունն ստացվել է կենսաթոշակ վճարելը դադարեցնելու ամսվանից սկսած՝ 12 ամսվա ընթացքում կամ սույն մասի 1-ին կետով սահմանված կարգով դիմելու (անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկատվությունն ստացվելու) ամսին հաջորդող ամսվա 1-ից:
Սույն մասով սահմանված դեպքում կենսաթոշակի վճարումը կատարվում է սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է, և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է, եթե կենսաթոշակառուն, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, հաշվառված է Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, բացառությամբ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի: Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու, քրեակատարողական հիմնարկում գտնվող կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու և կենսաթոշակ վճարելը վերսկսելու առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:
(41-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց., փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն, փոփ. 11.12.13 ՀՕ-120-Ն, 12.12.13 ՀՕ-156-Ն, 19.05.14 ՀՕ-32-Ն, 11.12.13 ՀՕ-121-Ն, լրաց., փոփ. 01.12.14 ՀՕ-197-Ն, 21.12.15 ՀՕ-1-Ն, լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն, փոփ., լրաց. 15.11.17 ՀՕ-200-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-238-Ն, լրաց., փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, 01.07.19 ՀՕ-112-Ն, 18.06.20 ՀՕ-322-Ն, փոփ. 24.03.21 ՀՕ-161-Ն)
(հոդվածի 29.11.16 ՍԴՈ-1325 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 15.11.2017 ՀՕ-200-Ն օրենքի 4-րդ հոդվածի փոփոխությամբ)
(01.07.19 ՀՕ-112-Ն օրենքի 12-րդ հոդվածի համաձայն` 41-րդ հոդվածի գործողությունը տարածվում է այն դեպքերի վրա, երբ համապատասխան դիմումը ներկայացվել է 2018 թվականի հունվարի 1-ից հետո:)
(24.03.21 ՀՕ-161-Ն օրենքն ունի անցումային դրույթ)