Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2022-05-20։Բացել գործող տեքստը
Գլուխ 6 · ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՆՇԱՆԱԿԵԼԸ ԵՎ ՎՃԱՐԵԼԸ

Հոդված 43. Կենսաթոշակից պահումներ կատարելը, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը

գործել է մինչև 2022-05-20Բացել ARLIS-ում

Հոդված 43. Կենսաթոշակից պահումներ կատարելը, ավել վճարված կենսաթոշակի գումարը բռնագանձելը

(վերնագիրը լրաց. 19.06.13 ՀՕ-82-Ն)

1. Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել`

1) օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի.

2) սխալ տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու, ինչպես նաև կենսաթոշակառուի` սույն օրենքի 50-րդ հոդվածով սահմանված պարտականությունները չկատարելու հետևանքով կամ սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) նրան ավել վճարված գումարները հետ գանձելու մասին կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման որոշման և կենսաթոշակառուի գրավոր համաձայնության հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 15 տոկոսից ոչ ավելի, եթե ավել վճարված կենսաթոշակի գումարի չափը չի գերազանցում որոշումը կայացնելու ամսվան հաջորդող ամսվա կենսաթոշակի գումարի կրկնապատիկը:

2. Կենսաթոշակից կատարվող պահումների չափը հաշվարկվում է կենսաթոշակառուին վճարվող ամսական գումարից:

3. Կենսաթոշակից կատարվող պահումների ընդհանուր գումարը չպետք է գերազանցի կենսաթոշակի 30 տոկոսը: Կենսաթոշակից կատարվող պահումների չափը համամասնորեն փոխվում է կենսաթոշակի չափը փոխվելու դեպքում:

4. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) ավել վճարված կենսաթոշակի գումարները կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման հետ փոխհամաձայնեցված ժամանակացույցի հիման վրա կարող են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվել նաև՝

1) կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման այն աշխատակցի կողմից, որի մեղքով (գործողությունների կամ անգործության արդյունքում) վճարվել են ավել վճարված կենսաթոշակի գումարները.

2) կենսաթոշակառուի, նրա օրինական ներկայացուցչի, նրանց փոխարեն կենսաթոշակն ստանալու՝ օրենքով այդ իրավունքն ունեցող անձի կամ այլ անձի կողմից:

5. Սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները սույն հոդվածի 4-րդ մասի հիման վրա կարող են հետ գանձվել, եթե առկա է անձի գրավոր դիմումը (համաձայնությունը) այդ մասին: Գրավոր դիմումի (համաձայնության) հիման վրա ժամանակացույց կազմելու կարգը սահմանում է լիազոր մարմինը:

6. Բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում և 4-րդ մասում նշված դեպքերի, սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին ավել վճարված կենսաթոշակի գումարները բռնագանձվում են դատական կարգով` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով՝ լիազոր մարմնի ներկայացրած հայցի հիման վրա:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, 4-րդ և 6-րդ մասերի հիման վրա հետ են գանձվում (Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերականգնվում, բռնագանձվում) այն գումարները, որոնք սխալմամբ (Հայաստանի Հանրապետության օրենքի խախտմամբ) կենսաթոշակառուին են վճարվել սխալը (խախտումը) հայտնաբերելու օրվան նախորդող 3 տարվա (36 ամսվա) ընթացքում:

(43-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն, լրաց., խմբ., փոփ. 19.06.13 ՀՕ-82-Ն, խմբ., լրաց. 16.12.16 ՀՕ-221-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։