Հոդված 95. Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը
Հոդված 95. Լուծարային հաշվեկշռի հաստատումը: Լուծարային հանձնաժողովի գործունեության դադարումը
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և լուծարվող ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից այն հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ:
2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում կայացնում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները:
3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատվելու դեպքում լուծարային հանձնաժողովը 10-օրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը և լուծարային հաշվեկշիռը լուծարվող ներդրումային ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատվելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լուծարվող ներդրումային ընկերությանը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում ներդրումային ընկերությունների գրանցումների մատյանում, որից հետո ներդրումային ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը՝ դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը ներդրումային ընկերության լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է ներդրումային ընկերության լուծարման հետ կապված պարտավորություններից: