Հոդված 37. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը և դրա քննարկման կարգը
Հոդված 37. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունը և դրա քննարկման կարգը
1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության մեջ պետք է նշվեն`
1) օպերատիվ-հետախուզական այն միջոցառումը (միջոցառումները), որ (որոնք) նախատեսվում է (են) անցկացնել.
2) օպերատիվ-հետախուզական միջոցառման կամ միջոցառումների անցկացման հիմքերը.
3) տվյալ տեսակի միջոցառումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները.
4) այն տեղեկատվությունը, նյութերը կամ փաստաթղթերը, որոնք նախատեսվում են ստանալ դրա հետևանքով.
5) միջոցառման կամ միջոցառումների անցկացման տեղը, սկիզբը և ավարտը:
2. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որը (որոնք) լսվելու է (են):
3. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև փոստային կամ էլեկտրոնային հասցեն, որը վերահսկվելու է, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերը կամ բառակապակցությունները (փոստային առաքումների և այլ հաղորդումների վերահսկման դեպքում փոստային կամ էլեկտրոնային հասցեի, որոնողական հետաքրքրություն ներկայացնող բառերի կամ բառակապակցությունների բացակայության դեպքում կարող են ներկայացվել անձի ձեռագրի նմուշը կամ այդ անձին նույնացնելու համար բավարար այլ հատկանիշներ, որի նամակագրության, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումները պետք է վերահսկվեն):
4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաև վերահսկվող բանկային հաշվի (ավանդի) տվյալները, տվյալներ այն ֆինանսական գործարքների վերաբերյալ, որոնք պետք է վերահսկվեն, ինչպես նաև այն անձանց անհատական տվյալները, որոնց վերաբերում են այդ գործարքները, կամ որոնց պատկանում է բանկային հաշիվը:
5. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությանը կից պետք է ներկայացվի նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկության վերաբերյալ համապատասխան անձի հայտարարությունը:
6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը կարող է միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցից պահանջել բացատրություններ և լրացուցիչ այլ նյութեր:
7. Միջնորդությունը քննարկում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը միանձնյա` միջնորդություն ներկայացրած աշխատակցի մասնակցությամբ:
Հարցի քննարկումից հետո օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելը թույլատրելու կամ միջնորդությունը մերժելու մասին` որոշման մեջ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը:
8. Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հապաղումը կարող է հանգեցնել ահաբեկչության կատարման, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանն սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, ապա թույլատրվում է նման միջոցառումների անցկացումը` այդ մասին 6 ժամվա ընթացքում տեղյակ պահելով օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին: Եթե օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման հիմքերը, ապա դրա անցկացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա հետևանքով ձեռք բերված տեղեկությունները և նյութերը անհապաղ ոչնչացվում են: Հակառակ դեպքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը տեղեկացվելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին: Սույն մասի դրույթները չեն տարածվում հեռախոսային խոսակցությունների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառման, ինչպես նաև այն օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ծագող հարաբերությունների վրա, որոնք կարող են անցկացվել միայն դատարանի թույլտվությամբ: