Հոդված 11. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները
Հոդված 11. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները
1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են`
1) կատարել քննիչի պարտադիր գրավոր հանձնարարությունները, հետաքննության մարմնի հանձնարարությունները, դատախազի պարտադիր գրավոր ցուցումները, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված իրավասու մարմնի կողմից տրված գրավոր հանձնարարությունները, քննիչի և դատարանի որոշումները` անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ.
1.1) ստուգել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ստացված անանուն հաղորդումը, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք ողջամտորեն կարող են ստուգվել.
1.2) «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարագրերի վերլուծության և բարեվարքության վերաբերյալ ուսումնասիրության գործընթացների շրջանակներում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դիմումի հիման վրա ստուգել հայցվող տեղեկատվությունը՝ հանձնաժողով փոխանցելով իրենց հայտնի դարձած տվյալները։
2) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների հետ.
3) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին.
4) իրենց լիազորություններն իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ` նրանց փոխանցելով իրենց հայտնի դարձած և այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները, բացառությամբ սույն օրենքով նախատեսված ոչնչացման ենթակա տեղեկությունների.
5) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից անհրաժեշտ տեղեկությունն անմիջականորեն ձեռք բերելու անհնարինության դեպքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա աջակցել վերջինիս տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի իրավախախտումների կանխման կամ բացահայտման գործում՝ իրականացնելով սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործողությունները, 14-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ, 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումները և դրանց արդյունքները, այդ թվում՝ տեղեկությունները, նյութերը և փաստաթղթերը տրամադրելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին:
(11-րդ հոդվածը լրաց. 09.06.17 ՀՕ-100-Ն, 16.04.20 ՀՕ-250-Ն, 19.01.21 ՀՕ-54-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն)