Հոդված 38. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը
Հոդված 38. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը
1. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշվեն սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված բոլոր տեղեկությունները, ինչպես նաև որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը և պաշտոնը, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում, որոշում կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը և պաշտոնը:
2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինն իրավունք չունի իրականացնելու այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված չեն օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու մասին որոշմամբ:
3. Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում այն անձի վերաբերյալ, ում նկատմամբ այդ միջոցառումներն իրականացվում են, ձեռք են բերվել տեղեկություններ, նյութեր և փաստաթղթեր, որոնց ստացումը նախատեսված չէր տվյալ միջոցառումներն անցկացնելու մասին որոշմամբ, ապա դրանք չեն հանդիսանում ապացույցներ և ենթակա են ոչնչացման, բացառությամբ այն դեպքերի, երբ`
1) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները գործել են բարեխղճորեն, և
2) ստացված տեղեկությունները պարունակում են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կամ դրա նախապատրաստման վերաբերյալ տեղեկություններ կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ գործընթաց սկսելու կամ սկսված վարույթին առերևույթ առնչվող տվյալներ, և
3) այդ տեղեկությունների ձեռքբերման համար սույն օրենքով թույլատրվում է իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը: Սույն մասով նախատեսված տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի վերաբերյալ կազմվում է առանձին արձանագրություն:
(38-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-270-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն)