Հոդված 30. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալին և իրենց կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդում մասնակցությանը ներկայացվող պահանջները
Հոդված 30. Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կանոնադրական կապիտալին և իրենց կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդում մասնակցությանը ներկայացվող պահանջները
(վերնագիրը փոփ. 12.11.12 ՀՕ-207-Ն)
1. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով, որը չի կարող լինել հինգ հարյուր միլիոն դրամից պակաս` պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար, և երկու հարյուր միլիոն դրամից պակաս` կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար:
2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնադրական կապիտալից, կենսաթոշակային ֆոնդի կառավարիչները պարտավոր են իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում ունենալ առնվազն մեկ տոկոս մասնակցություն` իր միջոցներից: Սույն մասով նախատեսված մասնակցության չափի հաշվարկման մեթոդաբանությունը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
3. Սույն հոդվածով նախատեսված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կենսաթոշակային ֆոնդի կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել խախտումը վերացնելու ուղղությամբ Կենտրոնական բանկի սահմանած ժամկետում, սակայն ոչ ավել, քան չորս ամսվա ընթացքում:
4. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերի ձեռք բերման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը չի տարածվում այն կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների վրա, որոնց մասնակցությունն իրենց կողմից կառավարվող յուրաքանչյուր պարտադիր կենսաթոշակային ֆոնդում գերազանցում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված չափը: Ընդ որում, սույն մասով նախատեսված պարտադիր մասնակցության չափը չի կարող պակաս լինել 1 մլրդ Հայաստանի Հանրապետության դրամից:
(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 12.11.12 ՀՕ-207-Ն)