Հոդված 69. Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայում
Հոդված 69. Անձնավորված հաշվառումը «Սահմանված կենսաթոշակային վճարներ» կամավոր կուտակային կենսաթոշակային սխեմայում
1. Կամավոր կենսաթոշակային ֆոնդերը յուրաքանչյուր շահառուի/մասնակցի համար պարտավոր են վարել անձնավորված հաշվառում՝ «Եկամտային հարկի և կուտակային վճարների անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված սկզբունքներին համապատասխան:
2. «Սահմանված կենսաթոշակային վճարներ» սխեմայի յուրաքանչյուր մասնակցի համար պետք է բացվի կենսաթոշակային հաշիվ, որտեղ հաշվառվում են մասնակցին պատկանող տվյալ կենսաթոշակային ֆոնդի փայերը:
3. Կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդը պարտավոր է պարբերաբար, սակայն ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ տեղեկատվություն տրամադրել մասնակցին նրա կենսաթոշակային հաշվում արտացոլված նախորդ օրացուցային տարվա տվյալների մասին` կենսաթոշակային ֆոնդի կանոններով սահմանված կարգով և ժամկետներում:
4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տեղեկատվությունը մասնակցին տրամադրվում է թղթային տարբերակով, եթե մասնակիցը այլ նախընտրելի տարբերակ չի նշել:
5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված տարեկան տվյալները մասնակցին տրամադրվում են անվճար` նախորդ տարվա համար ոչ ուշ, քան մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը: