Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները
1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած (բացառությամբ Լիազոր մարմնի ուսումնական հաստատության իգական սեռի դիմորդների) այն քաղաքացին, որը՝
1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից ազատվելու դեպքերի).
2) տիրապետում է հայերենին և իր անձնական հատկանիշներով, գործնական կարողություններով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակով կարող է կատարել ոստիկանության գործառույթները:
2. (մասն ուժը կորցրել է 03.07.25 ՀՕ-240-Ն)
3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Կառավարությունը: Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հաստատած կոնկրետ պաշտոնի անձնագրով։
4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`
1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2) որը դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.
3.1) որը կատարել է դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարք, և նրա նկատմամբ առկա է ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
3.2) որը նախկինում հանրային ծառայության պաշտոնից ազատվել է կարգապահական տույժի կիրառման արդյունքով, եթե նման տույժի կիրառումից չի անցել մեկ տարի.
3.3) որը տառապում է ոստիկանության ծառայողի պաշտոնում նշանակվելուն խոչընդոտող՝ Կառավարության սահմանած հիվանդությամբ.
3.4) որը օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.
4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով մարված կամ վերացված չէ.
5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:
Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:
6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը, թեկնածուների ընտրության և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:
(11-րդ հոդվածը լրաց. 13.11.07 ՀՕ-251-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, 03.06.20 ՀՕ-296-Ն, 09.06.22 ՀՕ-232-Ն, փոփ., խմբ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, խմբ., փոփ. 03.07.25 ՀՕ-240-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.07.25 ՀՕ-240-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)