Հոդված 47. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
Հոդված 47. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող` 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից` երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը:
Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության Նախագահը:
Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը` Հայաստանի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:
Ոստիկանության գլխավոր վարչության պետի, գլխավոր վարչության պետի տեղակալի, վարչության պետի, վարչության պետի տեղակալի և ինքնուրույն բաժնի պետի ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 տարի, բաժնի պետինը` մինչև 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` մինչև 2 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը:
Սույն օրենքի 54-րդ հոդվածի երկրորդ մասում, ինչպես նաև 11-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Պետական կառավարման մարմնի ղեկավարի խորհրդականի և պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 65 տարին լրանալը:
2. Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան ոստիկանությունում ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:
(47-րդ հոդվածը խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 06.12.07 ՀՕ-288-Ն, փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-333-Ն)