Հոդված 5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
Հոդված 5. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ
1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի.
1) ոստիկանության բարձրագույն կոչումներ`
- ոստիկանության գեներալ-գնդապետ,
- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,
- ոստիկանության գեներալ-մայոր.
2) ոստիկանության գլխավոր կոչումներ`
- ոստիկանության գնդապետ.
3) ոստիկանության ավագ կոչում`
- ոստիկանության փոխգնդապետ.
3.1) ոստիկանության միջին կոչումներ`
- ոստիկանության մայոր,
- ոստիկանության կապիտան,
- ոստիկանության ավագ լեյտենանտ,
- ոստիկանության լեյտենանտ,
- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.
4) ոստիկանության կրտսեր կոչումներ`
- ոստիկանության ավագ ենթասպա,
- ոստիկանության ենթասպա,
- ոստիկանության ավագ,
- ոստիկանության ավագ սերժանտ,
- ոստիկանության սերժանտ,
- ոստիկանության կրտսեր սերժանտ:
2. Ոստիկանության բարձրագույն կոչումները շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը:
3. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը, իսկ կրտսեր կոչումները` ծառայողին ոստիկանության համապատասխան պաշտոնին նշանակելու իրավասություն ունեցող անձը:
4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:
4.1. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:
Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:
5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով` ցմահ:
6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:
7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք կարող են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` օրենքով սահմանված կարգով:
(5-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, փոփ. 24.10.06 ՀՕ-169-Ն)