Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 14. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ վերջին 3 տարին գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը վերջին երեք տարին զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:
Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:
4. Ոստիկանության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:
5. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:
6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:
7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում` որպես կանոն եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:
8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ոստիկանության ուսումնական հաստատությունում սահմանված կարգով անցել են եռամսյա ուսումնական փորձաշրջան: Ուսումնական փորձաշրջանի դրական արդյունքում նշված քաղաքացիներին շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած զինվորական կոչմանը համապատասխանող կոչում, և նրանք նշանակվում են ծառայության ոստիկանի կամ ունեցած կոչմանը համապատասխանող պաշտոնում:
9. Ոստիկանությունում միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները` եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:
9.1. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:
10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության և դատախազության լիազոր մարմինների ծառայողներ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողներ):
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված` առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում տվյալ խմբի կոչումից երկու աստիճան ցածր կոչումով պաշտոնի կարող են նշանակվել պահեստազորում կոչում չունեցող անձինք: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:
Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:
Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի` երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:
Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:
Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում փոխարինող ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:
11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում, ոստիկանի և տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում` 6 ամսվա ընթացքում:
(14-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 14.12.04 ՀՕ-131-Ն)