Հոդված 14
Հոդված 14.
Արդարադատության խորհուրդը գլխավոր դատախազի առաջարկով կազմում և Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները:
Դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները կազմվում, Հանրապետության Նախագահին են ներկայացվում յուրաքանչյուր տարվա հունվար ամսին և հաստատվում են մեկամսյա ժամկետում:
Գլխավոր դատախազի առաջարկով, արդարադատության խորհրդի որոշմամբ, դատախազների պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակները կարող են փոփոխվել և Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացվել առանց սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ժամկետի պահպանման:
Պաշտոնեական պիտանիության ցուցակներում ընդգրկվում են`
1) այն դատախազները, ովքեր մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշներով համապատասխանում են զբաղեցրած պաշտոնին.
2) բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող 25 տարին լրացած Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն իրավաբանի առնվազն երեք տարվա մասնագիտական ստաժ և կարող են իրականացնել դատախազի լիազորություններ:
Արգելվում է թեկնածուների մերժումը նրանց ազգային, ռասայական, սեռական պատկանելության, դավանանքի, քաղաքական կամ այլ հայացքների, սոցիալական ծագման, գույքային կամ այլ դրության պատճառով:
Դատախազների ծառայողական առաջխաղացման ցուցակներում ընդգրկվում են պաշտոնեական պիտանիության ցուցակներում տեղ գտած այն անձինք, ովքեր իրենց մասնագիտական, գործնական և բարոյական հատկանիշներով արժանի են առաջխաղացման:
Դատախազների նշանակումները կատարվում են Հանրապետության Նախագահի կողմից հաստատված պաշտոնեական պիտանիության և ծառայողական առաջխաղացման ցուցակների հիման վրա:
(14-րդ հոդվածը լրաց. 14.12.04 ՀՕ-31-Ն)