Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԴՐԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 35. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումը

(վերնագիրը խմբ. 04.03.22 ՀՕ-54-Ն)

1. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացնում է լիազոր մարմինը:

2. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պլանավորումն իրականացվում է իրավիճակային վերլուծության և վիճակագրական ցուցանիշների հիման վրա, որով ապահովվում են բնակչության բժշկական օգնության և սպասարկման կայունությունը, անընդհատությունը, շարունակականությունը, ֆիզիկական հասանելիությունը, առաջնային և անհետաձգելի բժշկական օգնության համընդհանուր մատչելիությունը և հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացումը՝ ըստ մակարդակների:

3. Առողջապահության բնագավառի մասնագիտական կադրային ներուժի պահանջարկի բավարարման նպատակով յուրաքանչյուր տարի լիազոր մարմինը կրթության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին է ներկայացնում տեղեկատվություն ընդհանուր մրցույթից առանձնացված միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև կլինիկական օրդինատուրայի (կլինիկական ռեզիդենտուրայի) կրթական ծրագրերով նպատակային ուսուցման անհրաժեշտ տեղերի վերաբերյալ` Կառավարության որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ընդհանուր մրցույթից առանձնացված ընդունելություն իրականացնելու համար:

4. Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվում է պայմանագիր։

5. Առողջապահության ոլորտի մասնագիտություններով հետավարտական ուսումնառության կազմակերպման կարգը, ներառյալ՝ հիմնական մասնագիտությունների, նեղ և լրացուցիչ մասնագիտացումների ցանկը, ուսումնառության տեսակները (կլինիկական ռեզիդենտուրա, նեղ մասնագիտացմամբ ուսումնառություն), դրանց կազմակերպման և իրականացման պայմանները և վերջնարդյունքները հաստատում է Կառավարությունը՝ լիազոր մարմնի ներկայացմամբ՝ կրթության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:

(35-րդ հոդվածը խմբ. 04.03.22 ՀՕ-54-Ն, լրաց. 11.04.24 ՀՕ-164-Ն, փոփ., խմբ. 11.09.25 ՀՕ-292-Ն)

(04.03.22 ՀՕ-54-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(11.04.24 ՀՕ-164-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։