Հոդված 31. Բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը
Հոդված 31. Բուժաշխատողների պարտականությունները և պատասխանատվությունը
1. Բուժաշխատողները պարտավոր են՝
1) առողջապահության բնագավառում գործունեություն իրականացնելիս առաջնորդվել պացիենտի շահերով.
2) յուրաքանչյուր պացիենտի ցուցաբերել շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն.
3) հոգատար, անխտրական և հարգալից վերաբերմունք ցուցաբերել պացիենտի նկատմամբ.
4) պացիենտին և (կամ) նրա օրինական ներկայացուցչին կամ կոնտակտային անձին տեղյակ պահել առողջական վիճակի, հիվանդության ախտորոշման, տրամադրված (տրամադրվող) բժշկական օգնության և սպասարկման, այդ թվում՝ բուժման մեթոդների կիրառման ընթացքի և արդյունքների, ինչպես նաև դրանց հետ կապված ռիսկերի վերաբերյալ, բացառությամբ պացիենտի գրավոր հրաժարման և օրենքով սահմանված այլ դեպքերի.
5) բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնելիս կիրառել Հայաստանի Հանրապետությունում գրանցված դեղեր, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի.
6) ավագ և միջին բուժաշխատողները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնել, վարել և շրջանառել բժշկական փաստաթղթերը, այդ թվում՝ էլեկտրոնային առողջապահության համակարգում.
7) պահպանել բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
8) կատարելագործել իրենց մասնագիտական գիտելիքները և հմտությունները, մասնագիտական որակավորման պահանջներին համապատասխան մասնակցել շարունակական մասնագիտական զարգացման գործընթացին.
8.1) ավագ բուժաշխատողը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ անհատական լիցենզիա, իսկ կլինիկական օրդինատորը (կլինիկական ռեզիդենտը), ռազմաբժշկական հետավարտական ուսուցում իրականացնող հաստատությունում ուսումնառող անձը՝ անցումային անհատական լիցենզիա.
9) իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել լիազոր մարմնի հաստատած մասնագիտական բնութագրին համապատասխան.
10) կատարել պացիենտի վարման գործելակարգերով և ընթացակարգերով սահմանված պահանջները՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակում.
11) պահպանել բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնները․
12) կատարել օրենքով սահմանված այլ պարտականություններ:
2. Բուժաշխատողները օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված պարտականությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
(31-րդ հոդվսծը լրաց. 11.04.24 ՀՕ-164-Ն, փոփ. 07.04.26 ՀՕ-136-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-164-Ն օրենքի փոփոխության մասով, նույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն, անցումային անհատական լիցենզիայի մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ անհատական լիցենզիայի մասով՝ 2027 թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-164-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(07.04.26 ՀՕ-136-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)