Հոդված 8. Էլեկտրոնային առողջապահության համակարգը և սկզբունքները
Հոդված 8. Էլեկտրոնային առողջապահության համակարգը և սկզբունքները
1. Էլեկտրոնային առողջապահության համակարգում առկա տվյալների բազայի ապանձնավորված տեղեկատվությունը համարվում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացվում է Կառավարության սահմանած կարգով:
2. Էլեկտրոնային առողջապահության համակարգում գործունեությունը կազմակերպվում է հետևյալ սկզբունքներով.
1) էլեկտրոնային առողջապահության համակարգում ներառվող տեղեկատվությունն անձնավորված է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի․
2) տվյալների բազան միասնական է էլեկտրոնային առողջապահության համակարգի բոլոր մասնակիցների համար․
3) տեղեկատվությունը ցանկացած պահի հասանելի է էլեկտրոնային առողջապահության համակարգից օրենքով սահմանված կարգով օգտվելու իրավասություն ունեցող անձանց համար՝ իրենց լիազորությունների շրջանակներում․
4) տեղեկատվությունը գաղտնի է և պաշտպանված:
3. Էլեկտրոնային առողջապահության համակարգի տեխնիկական սպասարկման ու շահագործման ապահովումն իրականացվում է էլեկտրոնային առողջապահության համակարգի միասնական օպերատորի (այսուհետ՝ օպերատոր) միջոցով, որն ընտրվում է մրցութային կարգով: Մրցութային կարգը, միասնական օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության չափանիշները սահմանում է Կառավարությունը:
4. Էլեկտրոնային առողջապահության համակարգի բաժանորդ են համարվում Հայաստանի Հանրապետությունում առողջապահության բնագավառում լիցենզավորված անձինք և սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակների շրջանակում առողջապահության բնագավառի տվյալների հասանելիության իրավունք ունեցող պետական մարմինները և կազմակերպությունները:
5. Էլեկտրոնային առողջապահության համակարգի բոլոր բաժանորդները պետք է ապահովված լինեն համակարգին միացված և տեխնիկական բավարար հատկանիշներ ունեցող համակարգիչներով: Էլեկտրոնային առողջապահության համակարգին միանալու նպատակով տեխնիկական հատկանիշների նվազագույն պայմանները սահմանում է լիազոր մարմինը:
6. Էլեկտրոնային առողջապահական համակարգում պացիենտին տրվում է էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան, որտեղ պահվող՝ պացիենտի տվյալները դիտելու կանոնները, պացիենտի (կամ նրա օրինական ներկայացուցչի) համաձայնությամբ տեղեկատվությանը ծանոթանալու անձանց և վերջիններիս իրավասության շրջանակը, պացիենտի էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու և նրա անձնական, ներառյալ՝ հատուկ կատեգորիայի տվյալները դիտելու կարգը, ինչպես նաև պացիենտի՝ էլեկտրոնային տեղեկատվության հասանելիության պատուհան մուտք գործելու համար համաձայնության ձևը սահմանում է լիազոր մարմինը:
7. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի դրույթները պահպանելով՝ լիցենզավորված անձը էլեկտրոնային առողջապահության համակարգում ապահովում է տվյալների թարմացումը, պացիենտների այցելությունների, մատուցվող ծառայությունների, բժշկական միջամտությունների, ախտորոշումների, նշանակումների, անձի առողջության և սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված բժշկական տվյալների մուտքագրումը դրանց փաստացի կատարման պահին՝ համաձայն լիազոր մարմնի հաստատած ընթացակարգի:
8. Էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հավաքված էլեկտրոնային տեղեկատվությունը կարող է կիրառվել անձի վերաբերյալ բժշկական առողջապահական մանրակրկիտ տեղեկատվություն ստանալու և համապատասխան բժշկական ծառայությունների մատուցման համար, բժշկական ծառայությունների դիմաց փոխհատուցումներ կատարելիս, իսկ ապանձնավորված լինելու պարագայում՝ նաև ուսումնասիրությունների, վերլուծությունների, մշտադիտարկումների նպատակով:
9. Էլեկտրոնային առողջապահության համակարգ տվյալների մշակման, ընդունման և դրանց փորձագիտական գնահատման, բաժանորդների տվյալների հրապարակման կարգը սահմանում է լիազոր մարմինը:
10. Էլեկտրոնային առողջապահության համակարգից օգտվողներն անցնում են վերապատրաստում՝ լիազոր մարմնի սահմանած կարգով:
11. Սույն հոդվածի պահանջների խախտումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: