Հոդված 21. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
Հոդված 21. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄԸ
1. Եթե օրենքով այլ բան սահմանված չէ, ապա մրցույթի կազմակերպիչը մրցույթի անցկացման մասին կատարում է հրապարակային ծանուցում այդ թվում` http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում` մրցույթն սկսվելուց առնվազն 30 օր առաջ:
2. Մրցույթի մասին հրապարակային ծանուցումը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) մրցույթի կազմակերպչի անունը (անվանումը).
2) մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
3) մրցույթի հայտերի ընդունման ժամանակահատվածը` նշելով ժամերն ըստ օրերի.
4) մրցույթի ձևը և անցկացնելու կարգը.
5) մրցույթի լոտի նկարագրությունը (անվանումը), մրցույթի պայմանները.
6) մրցույթին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը.
7) մրցույթում հաղթողին որոշելու կարգը.
8) մրցույթին մասնակցելու նախավճարի չափը, ինչպես նաև վճարելու կարգը և ժամկետները.
9) մրցույթում ծածկագրեր կիրառելու կարգը.
10) մրցույթի հայտերը բացելու, ինչպես նաև մրցույթի հայտերն ամփոփելու նիստերի օրը և ժամը.
11) մրցույթի կանոնակարգին ծանոթանալու վայրը և կանոնակարգի պատճենը տրամադրելու կարգը:
Մրցույթի կանոնակարգը տրամադրելու համար կազմակերպիչը կարող է պահանջել միայն կանոնակարգի պատճենահանման համար կատարած ծախսերը:
3. Մրցույթի մասնակցության հայտերի ընդունումը դադարեցվում է մրցույթի հայտերի բացումից առնվազն 30 րոպե առաջ (բացառությամբ հողամասերի վաճառքի, որը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 78-րդ հոդվածի 5-րդ մասով), եթե մրցույթի մասին հրապարակային ծանուցման մեջ այլ ժամկետ սահմանված չէ:
(21-րդ հոդվածը լրաց. 19.03.12 ՀՕ-128-Ն, խմբ. 24.03.21 ՀՕ-146-Ն)