Հոդված 6. ․ Ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը
Հոդված 6․ Ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի, ուղեբեռի և բեռի նկատմամբ պատասխանատվության ապահովագրությունը
1. Ուղևորների, թռիչքային և սպասարկող անձնակազմի նկատմամբ պատասխանատվության ապահովագրության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը, բացառությամբ 2 700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների, մարմնական վնասվածքի, առողջությանն այլ վնաս պատճառելու կամ մահվան դեպքերում կազմում է առնվազն 250000 ՓՀԻ՝ յուրաքանչյուրի համար։
2. 2700 կգ կամ պակաս ԱԹՔ-ով օդանավով իրականացվող ոչ առևտրային փոխադրումների համար նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է առնվազն 100 000 ՓՀԻ՝ մեկ ուղևորի համար։
3. Ուղեբեռի փոխադրման ժամանակ դրա ֆիզիկական ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքերում պատասխանատվության ապահովագրության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 1519 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ ուղևորի համար։
4. Բեռի փոխադրման ժամանակ դրա ֆիզիկական ոչնչացման, կորչելու կամ վնասվելու դեպքերում պատասխանատվության ապահովագրության մասով նվազագույն ապահովագրական ծածկույթը կազմում է 26 ՓՀԻ՝ առևտրային փոխադրումների շրջանակում մեկ կիլոգրամի համար։
5. Փոստային առաքումների փոխադրման ժամանակ օդանավ շահագործողը պատասխանատվություն է կրում համապատասխան փոստային ծառայություն մատուցող կազմակերպության առջև, փոխադրողների և փոստային ծառայություն մատուցողների միջև հարաբերությունների նկատմամբ կիրառվող կանոնների երկուստեք պայմանավորվածության համաձայն, ընդ որում, մի քանի հաջորդական փոխադրողների միջոցով իրականացման ենթակա փոխադրման դեպքում ապահովագրական ծածկույթի սահմանաչափերը գործում են որպես օդանավ շահագործողների կողմից իրականացվող մեկ գործողություն: