Հոդված 3. ․ Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
Հոդված 3․ Օրենքում կիրառվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում կիրառվում են հետևյալ հիմնական հասկացությունները․
1) օդային փոխադրող՝ օդային փոխադրումներ իրականացնող կազմակերպություն, որն ունի կանոնավոր առևտրային օդային փոխադրումների իրականացման գործող հավաստագիր․
2) օդանավ շահագործող՝
ա․ օդային փոխադրում չիրականացնող կամ օդային փոխադրող չհանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն ունի օդանավի օգտագործման կամ շահագործման շարունակական տնօրինման իրավասություն,
բ․ ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի անունով գրանցված է օդանավը, բացառությամբ այն դեպքերի, երբ ֆիզիկական կամ իրավաբանական անձը կարող է ապացուցել, որ շահագործողն այլ անձ է․
3) թռիչք՝
ա․ թռիչքային անձնակազմի դեպքում՝ ժամանակահատված, որն սկսվում է այն պահից, երբ անձնակազմի անդամը զեկուցում է իր հերթափոխն սկսելու մասին, որը ներառում է մեկ կամ մի քանի սեկտոր, և ավարտվում է այն պահին, երբ օդանավը վերջնականապես կանգ է առնում, և շարժիչներն անջատվում են վերջին սեկտորի վերջում, որտեղ անձնակազմի անդամը գործում է որպես թռիչքային անձնակազմի անդամ,
բ․ սպասարկող անձնակազմի դեպքում՝ ժամանակահատված, որն սկսվում է այն պահից, երբ անձնակազմի անդամն օպերատորի կողմից պարտավորվում է ներկայանալ կամ սկսել իր պարտականությունները, և ավարտվում է այն պահին, երբ նա ազատվում է բոլոր պարտականություններից, ներառյալ թռիչքից հետո կատարվող պարտականություններից,
գ․ ուղևորների կամ չգրանցված ուղեբեռի դեպքում՝ օդանավով ուղևորների տեղափոխման ժամանակահատվածը, այդ թվում՝ օդանավ բարձրանալու և օդանավից իջնելու ժամանակահատվածը,
դ․ բեռի կամ գրանցված ուղեբեռի դեպքում՝ ուղեբեռի կամ բեռի տեղափոխման ժամանակահատվածը՝ օդային փոխադրողին ուղեբեռը կամ բեռը հանձնելու պահից մինչև նշված ստացողին դրանց տրամադրման պահը,
ե․ երրորդ անձանց դեպքում՝ օդանավի օգտագործումը գետնավարման կամ իրական վերթիռի նպատակով դրա շարժիչներին սնուցման մատակարարման պահից մինչև այն պահը, երբ այն գտնվում է գետնի մակերևույթին, և դրա շարժիչների աշխատանքը լիովին դադարեցվել է, ինչպես նաև օդանավի շարժը քարշակող կամ հրող տրանսպորտային միջոցների կամ այն ուժերի օգնությամբ (մասնավորապես օդի հոսքերը), որոնք բնորոշ են օդանավի վարման և վերելքի ժամանակ․
4) առավելագույն թռիչքային քաշ (այսուհետ՝ ԱԹՔ)` օդանավի հավաստագրված փաստաթղթերում նշված՝ օդանավի բոլոր տեսակներին բնորոշ հաստատված առավելագույն մեծությանը համապատասխանող քաշ․
5) ուղևոր՝ յուրաքանչյուր անձ, որը գտնվում է օդանավում օդային փոխադրողի կամ օդանավ շահագործողի թույլտվությամբ, բացառությամբ թռիչքային և սպասարկող (որոնք կարող են գտնվել ինքնաթիռում թռիչքի ժամանակ) անձնակազմում ընդգրկված անդամների․
6) երրորդ անձ՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, բացառությամբ ուղևորների, ինչպես նաև թռիչքային և սպասարկող անձնակազմում ընդգրկված անդամների․
7) առևտրային փոխադրումներ՝ փոխադրումներ վարձատրության կամ վճարի դիմաց․
8) փոխառության հատուկ իրավունք (այսուհետ՝ ՓՀԻ)՝ միջազգային պահուստային ակտիվ, որն ստեղծվում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից և տեղաբաշխվում է նրա անդամների միջև՝ ի լրումն առկա պահուստային ակտիվների․
9) լիազոր մարմին՝ «Ավիացիայի մասին» օրենքով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի քաղաքականությունը մշակող և իրականացնող համապատասխան նախարարությունը․
10) հատուկ ավիացիոն պատասխանատվություն՝ ընդհանուր քաղաքացիական պատասխանատվությունից տարբերվող՝ ավիացիայի ոլորտին հատուկ կարգավորում ունեցող պատասխանատվություն՝ օդային փոխադրումների ընթացքում պատճառված վնասների համար․
11) համատեղ օգտագործման ծածկագիր՝ պայմանավորվածություն երկու կամ ավելի ավիաընկերությունների միջև նույն թռիչքը համատեղ շահագործելու մասին՝ օգտագործելով տարբեր թռիչքային համարներ (ծածկագրեր (Code Sharing))։