Հոդված 23. Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը
Հոդված 23. Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը
(վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն)
1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետևյալ կրթական ծրագրերի մակարդակներով.
1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր` արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում.
2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր` մասնագետի որակավորում:
2. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է մշակել և իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են և հիմք են միկրոորակավորման համար:
3. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ըստ որակավորումների իրականացնել նաև փորձարարական կրթական ծրագրեր՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:
4. Միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան որակավորման ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել բարձրագույն կրթության համապատասխան որակավորման առաջին մակարդակում՝ ձեռք բերված կրեդիտներին կամ համեմատվող ծրագրերի ակադեմիական տարբերությունների ողջամիտ ծավալին համապատասխան` լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Մասնագիտական կրթության ծրագրերի հաջորդական շարունակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Մասնագիտական կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտները կարգավորող օրենքներով։
(23-րդ հոդվածը փոփ. 26.07.01 ՀՕ-209, խմբ. 01.12.03 ՀՕ-58-Ն, 19.05.14 ՀՕ-17-Ն, լրաց. 25.03.20 ՀՕ-174-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-251-Ն)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 12-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, և դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի և ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը` համաձայն 22.05.24 ՀՕ-251-Ն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի)
(22.05.24 ՀՕ-251-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)