Հոդված 8
Հոդված 8.
Հավատարմագրման ազգային մարմինը
(վերնագիրը փոփ. 24.05.23 ՀՕ-178-Ն, 03.07.26 ՀՕ-342-Ն)
1. Հավատարմագրման ազգային մարմինը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
2. Հավատարմագրման ազգային մարմինը պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում և ունի իրավաբանական անձի կարգավիճակ:
3. Հավատարմագրման ազգային մարմինը Հայաստանի Հանրապետությունում ՀԳՄ-ներ հավատարմագրող միակ մարմինն է:
4. Հավատարմագրման ազգային մարմինը`
1) կառուցվածքով անկախ է և չունի ֆինանսական կամ կառավարչական հետաքրքրություն իր կողմից գնահատվող ՀԳՄ-ների նկատմամբ ու ապահովում է շահերի բախման բացառումը համապատասխանության գնահատման մարմինների հետ.
2) ապահովում է իր գործողությունների օբյեկտիվությունը և անաչառությունը, խորհրդատվություն չի տրամադրում ՀԳՄ-ին և չի մրցակցում դրա հետ.
2.1) հավատարմագրումն իրականացնում է հավատարմագրման էլեկտրոնային ավտոմատացված համակարգի միջոցով (e-accreditation), իսկ տվյալ պահին էլեկտրոնային համակարգի աշխատանքների խափանման դեպքում՝ էլեկտրոնային փոստով.
3) ապահովում է, որ հավատարմագրման վերաբերյալ յուրաքանչյուր որոշում կայացվի իրազեկ անձանց կողմից, որոնք չեն մասնակցել գնահատման գործընթացին.
4) ունի համապատասխան ընթացակարգեր` ստացված տեղեկատվության գաղտնիությունն ապահովելու համար.
5) սահմանում է համապատասխանության գնահատման գործունեության այն տեսակը, որն իրավասու է գնահատելու (անհրաժեշտության դեպքում հղում կատարելով համապատասխան օրենքներին, այլ իրավական ակտերին և ազգային ստանդարտներին).
6) մշակում է արդյունավետ կառավարման և ներքին ստուգման իրականացման համապատասխան ընթացակարգեր.
7) իր պարտականությունների պատշաճ կատարման համար ունի բավարար թվով իրազեկ աշխատակիցներ.
8) փաստաթղթերով հիմնավորում է գնահատման և իրազեկության հավաստման որակի վրա ազդեցություն ունեցող աշխատակիցների պարտականությունները և իրավունքները.
9) մշակում, ներդնում և կիրառում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին համապատասխան ընթացակարգեր, այդ թվում` հավատարմագրման, աշխատակիցների կատարողականի և իրազեկության մշտադիտարկման (մոնիտորինգի), հավատարմագրված ՀԳՄ-ների գործունեության վերաբերյալ բողոքների քննարկման ընթացակարգեր.
10) հավաստում է, որ համապատասխանության գնահատումներն իրականացվում են պատշաճ ձևով` առանց կազմակերպության վրա լրացուցիչ բեռ դնելու և հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, գործունեության ոլորտը, կառուցվածքը, արտադրանքի տեխնոլոգիական գործընթացի բարդության աստիճանը, ինչպես նաև արտադրական գործընթացի զանգվածային կամ սերիական բնույթը.
11) հրապարակում է աուդիտի տարեկան հաշվետվությունը` կազմված Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հաշվապահական հաշվառման ստանդարտներին համապատասխան.
12) ստեղծում է հանձնաժողովներ, հավատարմագրման կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը.
13) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին հավատարմագրման վկայագրի, հավատարմագրման ոլորտների, ՀԳՄ-ի կողմից տրամադրվող համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերի վերաբերյալ.
14) առաջարկություններ է ներկայացնում լիազորված պետական կառավարման մարմին Հավատարմագրման ազգային մարմնի պատկերանիշի և հավատարմագրման նշանի կիրառման կարգի վերաբերյալ.
15) ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրված ՀԳՄ-ների, հավատարմագրման փորձագետների (գնահատողների), տեխնիկական փորձագետների, տեխնիկական գնահատողների, ՀԳՄ-ների կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատների, փորձարկման արձանագրությունների, իրավաբանական անձանց կողմից գրանցված համապատասխանության հայտարարագրերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից սահմանված այլ ռեեստրների ձևավորումը և վարումը, նշված ռեեստրներից տեղեկատվության (որոնք օրենքով թույլատրված են) տրամադրումը.
16) կազմակերպում է համապատասխանության գնահատման ոլորտի մասնագետների համար հավատարմագրման վերաբերյալ գիտաժողովներ, վերապատրաստման և որակավորման դասընթացներ, որակավորում է հավատարմագրման փորձագետներին (գնահատողներին) և շնորհում համապատասխան վկայագրեր (սույն կետով սահմանված գործունեությունն ապահովելու նպատակով Հավատարմագրման ազգային մարմինն ստեղծում է հանձնաժողովներ և սահմանում դրանց գործունեության կարգը).
17) ստեղծում է խորհրդատվական տեխնիկական կոմիտեներ և սահմանում դրանց գործունեության կարգը.
18) տրամադրում է ՀԳՄ-ներին հավատարմագրման վկայագրեր, ինչպես նաև վերաձևակերպված հավատարմագրման վկայագրեր.
19) տրամադրում է շահագրգիռ կողմերին տեղեկություն հավատարմագրման գործընթացի վերաբերյալ.
20) կազմակերպում է համապատասխանության սերտիֆիկատների, պետական գրանցման վկայականների ձևաթղթերի տպագրությունը, դրանց հաշվառումն և տրամադրումը ՀԳՄ-ներին.
21) հրապարակում է ԻՍՕ/ԻԷԿ 17011 միջազգային ստանդարտին ներդաշնակ միջպետական ստանդարտի պահանջներով սահմանված հանրամատչելի տեղեկատվությունը.
22) ապահովում է իրեն հասցեագրված՝ իր իրավասության ոլորտին առնչվող յուրաքանչյուր բողոքի, հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների շրջանակներում ձեռնարկում է համապատասխան միջոցներ և «Ազդարարման համակարգի մասին» օրենքով սահմանված այլ լիազորություններ:
5. Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված ՀԳՄ-ների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
(8-րդ հոդվածը խմբ. 30.04.13 ՀՕ-43-Ն, փոփ. 17.12.14 ՀՕ-236-Ն, փոփ., խմբ., լրաց. 24.05.23 ՀՕ-178-Ն, փոփ., խմբ., լրաց. 03.07.26 ՀՕ-342-Ն)
(24.05.23 ՀՕ-178-Ն օրենքն ունի անցումային դրույթ)