Հոդված 2
Հոդված 2.
Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) հավատարմագրում՝ համապատասխանության հավաստում սույն օրենքով սահմանված կարգով համապատասխանության գնահատման հատուկ գործունեություն իրականացնելու նպատակով` հիմնավորելով, որ համապատասխանության գնահատման մարմինը կատարում է ներդաշնակեցված ստանդարտներով սահմանված պահանջները, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, լրացուցիչ պահանջները` ներառելով դրանք համապատասխան ոլորտների հավատարմագրման համակարգերում.
2) Հավատարմագրման ազգային մարմին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություն, որն ունի բացառիկ լիազորություններ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով հավատարմագրման ապահովման ոլորտում.
3) հավատարմագրման վկայագիր` պաշտոնական փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հավաստում է հավատարմագրումը որոշակի ոլորտում.
4) հավատարմագրման ոլորտ` համապատասխանության գնահատման որոշակի ծառայություններ, որոնց համար հավատարմագրման հարցում է արվել, կամ արդեն իրականացվել է հավատարմագրումը.
5) հավատարմագրման նշան` Հավատարմագրման ազգային մարմնի կողմից համապատասխանության գնահատման մարմնին տրված նշան` հավատարմագրված լինելը ցուցադրելու նպատակով օգտագործելու համար.
6) բողոքարկում` համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման վերաբերյալ ազգային մարմնի կայացրած որևէ անբարենպաստ որոշման վերանայման պահանջ: Որոշումները վերաբերում են դիմումի ընդունման մերժմանը, գնահատում իրականացնելու մերժմանը, ուղղիչ գործողություններ իրականացնելու պահանջին, հավատարմագրման ոլորտի փոփոխությունների կատարմանը, հավատարմագրումը մերժելուն, կասեցնելուն կամ դադարեցնելուն, ինչպես նաև այլ գործողությանը, որը խոչընդոտում է հավատարմագրմանը.
7) համապատասխանության գնահատում` գործընթաց, որով հավաստվում է արտադրանքին, գործընթացին, համակարգին, անձին կամ մարմնին ներկայացվող պահանջների իրականացումը.
8) համապատասխանության գնահատման մարմին` մարմին, որն իրականացնում է համապատասխանության գնահատման գործունեություն` ներառելով տրամաչափարկումը, փորձարկումը, սերտիֆիկացումը և տեխնիկական հսկողությունը.
9) հավատարմագրմանը հավակնող ֆիզիկական կամ իրավաբանական անձ` համապատասխանության գնահատման մարմին, որը հավատարմագրման նպատակով դիմել է Հավատարմագրման ազգային մարմին.
10) հավատարմագրման ընդլայնում` հավատարմագրման ոլորտի ընդլայնման գործընթաց.
11) շահագրգիռ կողմեր` հավատարմագրմամբ ուղղակիորեն կամ անուղղակիորեն շահագրգիռ կողմեր: Ուղղակիորեն շահագրգիռ են համարվում նրանք, ովքեր հավատարմագրվում են, անուղղակիորեն շահագրգիռ` նրանք, ովքեր օգտվում են հավատարմագրված համապատասխանության գնահատման ծառայություններից կամ հիմնվում են դրանց վրա.
12) հավասարի սկզբունքներով փորձագիտական գնահատում` հավատարմագրման տարածաշրջանային և միջազգային կազմակերպությունների անդամ հավատարմագրման ազգային մարմինների սահմանած պահանջներին համապատասխան Հավատարմագրման ազգային մարմնի գնահատման գործընթաց.
13) հավատարմագրման կրճատում` հավատարմագրման ոլորտի որոշակի մասի դադարեցման գործընթաց.
14) հավատարմագրման կասեցում` հավատարմագրման ոլորտի ժամանակավորապես լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու գործընթաց.
15) հավատարմագրման դադարեցում` հավատարմագրումն ամբողջությամբ դադարեցնելու գործընթաց.
16) փորձարկում` ընթացակարգի համաձայն համապատասխանության գնահատման օբյեկտի մեկ կամ մի քանի բնութագրերի որոշում.
17) տրամաչափարկում (կալիբրավորում)` գործողություն, որը հատուկ պայմաններում նախ կապ է ստեղծում չափանմուշների (էտալոնների) միջոցով ստացված չափման անորոշություններով մեծության արժեքների և չափման անորոշություններով համապատասխան ցուցմունքների միջև, ապա օգտագործում է այդ տեղեկությունը ցուցմունքից չափման արդյունք ստանալու նպատակով կապ ստեղծելու համար.
18) տեխնիկական հսկողություն` հատուկ պահանջների կամ մասնագիտական դատողության հիման վրա արտադրանքի նախագծման, արտադրանքի պատրաստման գործընթացի կամ տեղադրման փորձաքննություն, որով որոշվում է դրա համապատասխանությունը ընդհանուր պահանջներին.
19) սերտիֆիկացում` արտադրանքի, գործընթացի, համակարգի կամ անձի համապատասխանության հավաստում երրորդ կողմի միջոցով.
20) հավատարմագրման փորձագետ (գնահատող)` հավատարմագրման փորձագետների (գնահատողների) ռեեստրում գրանցված ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատում իրականացնելու համար.
21) տեխնիկական փորձագետ` տեխնիկական փորձագետների ռեեստրում գրանցված և գնահատման ենթակա հավատարմագրման ոլորտում համապատասխան մասնագիտական գիտելիքներ և փորձ ունեցող ֆիզիկական անձ, որին Հավատարմագրման ազգային մարմինը նշանակել է համապատասխանության գնահատման մարմնի գնահատմանը մասնակցելու համար.
22) պարբերական գնահատում` գործունեության տեսակների լրակազմ, բացառությամբ կրկնական գնահատման, հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմնի կողմից հավատարմագրման պահանջների շարունակական կատարումը հսկելու համար.
23) համապատասխանության սերտիֆիկատ` համապատասխանության գնահատման մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որը հավաստում է արտադրանքի, կառավարման համակարգերի, ֆիզիկական անձանց համապատասխանությունը սահմանված պահանջներին:
24) իրազեկություն` գիտելիքները և հմտությունները կիրառելու համապատասխան ունակություն:
(2-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 17.12.14 ՀՕ-236-Ն)