Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները
Հոդված 44. Հանցափորձը և դրա տեսակները
1. Հանցափորձ է համարվում դիտավորյալ այն գործողությունը կամ անգործությունը, որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն և պարունակում է սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, սակայն անձի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրա կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվում տվյալ հանցակազմի որևէ հատկանիշի բացակայության հետևանքով:
2. Եթե հանցափորձի ժամանակ հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված վնասից ավելի փոքր վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, ապա դա կլանվում է անձի դիտավորության մեջ:
3. Եթե հանցափորձն իրականացնելիս հանցավորի դիտավորության մեջ ընդգրկված օբյեկտին անզգուշությամբ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան ընդգրկված էր դիտավորության մեջ, կամ անզգուշությամբ կամ անուղղակի դիտավորությամբ վնաս է պատճառվում մեկ այլ օբյեկտի, ապա արարքը որակվում է հանցագործությունների համակցությամբ:
4. Հանցափորձը լինում է ավարտված և չավարտված:
5. Հանցափորձը համարվում է ավարտված, եթե անձը կատարում է այն արարքը, որն անհրաժեշտ ու բավարար էր դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունն ավարտին հասցնելու համար, և գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին է հասել, կամ հանցագործությունն ավարտելու համար արարքը շարունակելու անհրաժեշտություն չկա:
6. Հանցափորձը համարվում է չավարտված, եթե անձը գիտակցում է, որ հանցագործությունն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսած արարքի կատարումը կամ նոր արարք կատարել: