Հոդված 76. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում
Հոդված 76. Պատիժ նշանակելը հանցագործությունների ռեցիդիվի դեպքում
1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված հանցանքների քանակը, բնույթը և ծանրությունը, այն հանգամանքները, որոնց հետևանքով նախկինում նշանակված պատիժը բավարար չի եղել անձի վերասոցիալականացման համար, ինչպես նաև նոր հանցանքի բնույթը, ծանրությունը և հետևանքները:
1.1. Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայով նախատեսված են այդ պատժատեսակները:
2. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը կամ չափը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն ժամկետից կամ չափից:
3. Եթե ծանր կամ առանձնապես ծանր դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ ծանր կամ առանձնապես ծանր հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը պետք է որոշվի սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կանոնով, իսկ առավելագույն պատժաչափ պետք է համարվի այն ժամկետը, որը գերազանցում է տվյալ հանցագործության համար օրենքով նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը` դրա մեկ երրորդի չափով, բայց ոչ ավելի, քան 25 տարին:
4. Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձևով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է մեկից ավելի հանցանքներ, ապա համակցության մեջ մտնող յուրաքանչյուր դիտավորյալ հանցանքի համար պատիժը որոշվում է սույն հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված կանոններով: Այդ դեպքում հանցագործությունների համակցությամբ ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 30 տարին:
5. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված կանոնները չեն կարող արգելք հանդիսանալ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու համար: Այս դեպքում օրենքով նախատեսված պատիժ է համարվում այն պատիժը, որը համապատասխանում է ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելու սահմանված կարգի կիրառման արդյունքում ստացվող պատժին:
(76-րդ հոդվածը լրաց., խմբ. 16.01.24 ՀՕ-31-Ն)