Հոդված 526. Դասալքությունը
Հոդված 526. Դասալքությունը
1. Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը կամ նույն նպատակով ծառայության չներկայանալը՝
պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է սպայական կամ ավագ ենթասպայական կազմի զինծառայողի կողմից՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրող զինծառայողի կողմից կամ
3) զենքով`
պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝
պատժվում է ազատազրկմամբ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով:
5. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած զինծառայողն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե դա կատարել է ծանր հանգամանքների զուգորդման հետևանքով, կամ եթե նա ծառայությունից խուսափելու պահից երեք օրվա ընթացքում մեղայականով ներկայացել է զորամաս, ծառայության վայր կամ իրավասու մարմին և պատրաստակամություն է հայտնել շարունակելու ծառայությունը: