Հոդված 65. Կարճաժամկետ ազատազրկումը
Հոդված 65. Կարճաժամկետ ազատազրկումը
1. Կարճաժամկետ ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում հասարակությունից խիստ մեկուսացման պայմաններում անազատության մեջ պահելն է:
2. Կարճաժամկետ ազատազրկումը նշանակվում է նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ կատարած անձի նկատմամբ` 15 օրից 2 ամիս ժամկետով:
3. Կարճաժամկետ ազատազրկման նվազագույն ժամկետը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է 15 օրից պակաս լինել:
⚖Հոդված 66. Կարգապահական գումարտակում պահելը
1. Կարգապահական գումարտակում պահելը հանցանք կատարած զինծառայողին (բացառությամբ սպայական և ավագ ենթասպայական կազմերի) մեկուսացման պայմաններում անազատության մեջ պահելն է։
2. Կարգապահական գումարտակը նշանակվում է ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններ կատարած զինծառայողի նկատմամբ` 3 ամսից 3 տարի ժամկետով, ինչպես նաև այն դեպքերում, երբ դատարանը, հաշվի առնելով գործի հանգամանքները և նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած դատապարտյալի անձնավորությունը, նպատակահարմար է համարում առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն կիրառել կարգապահական գումարտակում պահելը՝ նույն ժամկետով:
⚖Հոդված 67. Ազատազրկումը
1. Ազատազրկումը դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ պահելու ձևով հասարակությունից որոշակի ժամկետով մեկուսացնելն է, որը կարող է նշանակվել սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում:
2. Ազատազրկումը նշանակվում է 3 ամսից 20 տարի ժամկետով:
3. Ազատազրկման նվազագույն ժամկետը սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում կարող է պակաս լինել 3 ամսից:
4. Անզգույշ հանցագործության համար ազատազրկումը չի կարող գերազանցել 10 տարին:
5. Առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման: