Հոդված 74. Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում
Հոդված 74. Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում
1. Հանցագործությունների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Մասնակի գումարման դեպքում վերջնական պատիժը պետք է ավելի լինի, քան համակցության մեջ մտնող հանցագործությունների համար նշանակված առավել խիստ պատիժը: Հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս մասնակի գումարվող պատիժը չի կարող պակաս լինել տվյալ պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված նվազագույն չափից կամ ժամկետից, սակայն վերջնական պատիժը չի կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերով նախատեսված առավելագույն չափը կամ ժամկետը:
2. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին:
3. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին և ոչ մեծ ծանրության հանցանքներ կամ անզգուշությամբ կատարված ծանր հանցանքներ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 10 տարին:
4. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կատարված ծանր հանցանք, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 15 տարին:
5. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր հանցանք, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 20 տարին:
6. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր այնպիսի հանցանք, որը կապված է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 25 տարին:
7. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ կապված երկու կամ ավելի առանձնապես ծանր հանցանքներ, ապա դատարանը, հաշվի առնելով հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, կարող է վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը, եթե նույնիսկ կատարված հանցանքներից ոչ մեկի համար սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով դա նախատեսված չէ:
8. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկումը:
9. Հանցագործությունների համակցության դեպքում մյուս պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:
10. Հանցագործությունների համակցության դեպքում նշանակված հիմնական պատժին կարող են միացվել համակցությունը կազմող հանցանքների համար նշանակված լրացուցիչ պատիժները: Լրացուցիչ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում վերջնական լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը:
11. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը և պատժի կրման սկիզբ է համարվում առաջին դատավճռով նշանակված պատժի կրման սկիզբը: