Հոդված 368. Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների ապօրինի շրջանառությունը
Հոդված 368. Վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների ապօրինի շրջանառությունը
1. Շրջակա միջավայրի կամ մարդու կյանքի կամ առողջության համար վտանգ ներկայացնող քիմիական կամ կենսաբանական նյութ կամ թափոն, կենսաբանական ազդանյութ կամ ազդակ կամ իրենց բաղադրության մեջ նշված նյութը, ազդանյութը, ազդակը կամ թափոնը պարունակող ապրանք կամ այլ առարկա օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ արտադրելը, պատրաստելը, ձեռք բերելը, պահելը, պահեստավորելը, փոխադրելը, առաքելը, ներմուծելը, արտահանելը, օգտագործելը կամ իրացնելը՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով,
2) անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ
3) անզգուշությամբ առաջացրել է շրջակա միջավայրի քիմիական կամ կենսաբանական աղտոտվածության, շրջակա միջավայրի վրա վնասակար ֆիզիկական ներգործության սահմանային թույլատրելի մակարդակի էական գերազանցում, շրջակա միջավայրի թունավորում կամ վարակում, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի, կենդանական աշխարհի կամ բուսական աշխարհի օբյեկտների զանգվածային ոչնչացում կամ այլ ծանր հետևանք՝
պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝
պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով: