Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
պետական գրանցում` սույն օրենքով սահմանված կարգով պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի, օգտագործման իրավունքի, գրավի, հիփոթեքի, սերվիտուտների, ինչպես նաև օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքների ծագման, փոփոխման, դադարման գրանցումը.
գույք` սույն oրենքով պետական գրանցման ենթակա անշարժ գույք և oրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցման ենթակա շարժական գույք (բացառությամբ տրանսպորտային միջոցների).
անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ հանգեցնում են դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության.
անշարժ գույք հանդիսացող ընդերքի մաս` բոլոր կողմերից ամրագրված սահմաններ ունեցող ընդերքում արհեստականորեն ստեղծված կառույցների, ինչպես նաև բնական խոռոչների (քարանձավների) զբաղեցրած տարածք, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով.
անշարժ գույքի միավոր` կադաստրային քարտեզում առանձին ծածկագրով ուրվագծված և համարակալված հողամաս, շենք, շինություն, որը կարող է հանդիսանալ սեփականության կամ օգտագործման օբյեկտ.
անշարժ գույքի օբյեկտ. անշարժ գույքի մեկ կամ մի քանի միավորներից կազմված միասնություն.
կադաստրային ծածկագիր` թվերի համակցություն, որը համապատասխանում է անշարժ գույքի միավորին և պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ այդ միավորը գոյություն ունի որպես ֆիզիկական և իրավական մեկ ամբողջություն.
կադաստրային տարածք, ենթատարածք, սեկտոր, թաղամաս` սույն օրենքով սահմանված պետական միասնական կադաստրի վարման համար նախատեսված աշխարհագրական տարածք.
սեփականատեր կամ օգտագործող` սուբյեկտ, որի անվամբ, սույն օրենքով սահմանված կարգով, գրանցված է անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունքը.
անշարժ գույքի գործարք` անշարժ գույքի սուբյեկտների կողմից իրականացվող գործունեություն` անշարժ գույքի նկատմամբ իրավունքի ծագման, փոխանցման, փոփոխման կամ դադարման ուղղությամբ.
գրանցման թերթիկ` անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար անշարժ գույքի պետական գրանցման միասնական մատյանում լրացվող անշարժ գույքի և դրա նկատմամբ իրավունքների վերաբերյալ տվյալներ պարունակող թերթիկ.
փաստաթուղթ` անշարժ գույքի նկատմամբ սեփականության կամ օգտագործման իրավունք, դրա սահմանափակումները, ծագումը, փոխանցումը, փոփոխումը, դադարումը հաստատող փաստաթուղթ.
ստորաբաժանված շենքեր` շենքեր, շինություններ, որոնք բաժանվել են անշարժ գույքի առանձին միավորների.
ռոտացիա` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարների տեղափոխում մի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոն:
(2-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.10.05 ՀՕ-191-Ն, խմբ. 08.04.10 ՀՕ-38-Ն)