Հոդված 138. Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը
Հոդված 138. Հայցի ապահովման և հայցի նախնական ապահովման հետ կապված վնասների հատուցումը
1. Գործին մասնակցող անձը կամ այլ անձը, որի դեմ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ ընդդեմ հայցի ապահովման միջոց պահանջած գործին մասնակցող անձի` հայցի ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ներկայացված հայցը մասնակի կամ ամբողջությամբ մերժվել է, թողնվել է առանց քննության, կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով:
2. Անձը, որի դեմ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ ընդդեմ հայցի նախնական ապահովման միջոց պահանջած անձի` նախնական ապահովմամբ իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով, եթե սահմանված ժամկետում չի ներկայացվել հայցադիմում այն պահանջով, որի կապակցությամբ կիրառվել է նախնական ապահովման միջոց, կամ ներկայացված հայցը մերժվել է, թողնվել է առանց քննության կամ գործի վարույթը կարճվել է սույն օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-րդ կամ 11-րդ կետերով նախատեսված հիմքով:
3. Գործին մասնակցող անձը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց, իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու նույն դատարան՝ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը չկատարելու հետևանքով իրեն պատճառված վնասները հատուցելու պահանջով: