Հոդված 16. Դատավարության լեզուն
Հոդված 16. Դատավարության լեզուն
1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական դատավարության լեզուն հայերենն է:
2. Գործին մասնակցող անձինք դատավարական բոլոր փաստաթղթերը ներկայացնում են հայերեն կամ այլ լեզվով՝ հայերեն պատշաճ թարգմանությամբ: Նշված պահանջը չպահպանելու դեպքում դատավարական փաստաթղթերը դատարանը չի քննարկում կամ չի թույլատրում, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում վերադարձնում է դրանք ներկայացրած անձանց:
3. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն դատարանում հանդես գալու իրենց նախընտրած լեզվով, եթե ապահովում են հայերեն թարգմանությունը:
4. Գործին մասնակցող անձին, նրա նախաձեռնությամբ նշանակված փորձագետին, նրա միջնորդությամբ հրավիրված մասնագետին կամ վկային դատարանը պետական միջոցների հաշվին ապահովում է թարգմանչի ծառայություններով, եթե համապատասխան անձը չի տիրապետում հայերենին, և գործին մասնակցող անձն ապացուցում է, որ բավարար միջոցներ չունի վճարովի թարգմանություն ապահովելու համար:
5. Լսողական կամ խոսակցական խանգարումներ ունեցող անձինք, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում են գործի նյութերին ծանոթանալու, սույն օրենսգրքով սահմանված այլ իրավունքներից օգտվելու և պարտականություններ կրելու հնարավորությամբ` սուրդոթարգմանչի միջոցով:
6. Տեսողական խանգարումներ ունեցող անձանց համար, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, ապահովվում է դատական ակտերի հասանելիությունը` մատչելի եղանակով:
7. Հայաստանի Հանրապետության հաշվին թարգմանչի ծառայություններ մատուցելու անհրաժեշտություն առաջանալիս սույն հոդվածի 4-6-րդ մասերով նախատեսված դեպքերում դատարանի որոշման հիման վրա թարգմանիչ նշանակելու կարգը, թարգմանչի վարձատրության չափը և կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ։