Հոդված 122. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
Հոդված 122. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
1. Հայցադիմումին կցվում են`
1) հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.
3) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) պայմանագրի նախագիծը, եթե հայցադիմումը վերաբերում է պայմանագիր կնքել հարկադրելուն.
5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
6) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.
7) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարան ուղարկելը հավաստող ապացույցներ:
1.1. Օրենքով նախատեսված դեպքերում մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության պահանջ սահմանված լինելու դեպքում հայցադիմումին կցվում է հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրության բնօրինակը: Օրենքով նախատեսված դեպքերում առցանց հաշտարարության իրականացման պարագայում հայցադիմումին կարող է կցվել հաշտարարի էլեկտրոնային ստորագրությամբ հաշտարարության ավարտման վերաբերյալ արձանագրությունը: «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այն դեպքերում, երբ որևէ հիմքով անձին թույլատրված է չսպառել պարտադիր հաշտարարության պահանջը, կամ պարտադիր հաշտարարության իրականացումն օրենքով նախատեսված դեպքերում անհնարին է, ապա հայցադիմումին կցվում է օրենքով նախատեսված այդ հիմքերը հիմնավորող՝ օրենքով նախատեսված թույլատրելի ապացույց:
1.2. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներից որևէ մեկի կիրառման մասին որոշման պատճենը:
1.3. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-3-րդ կետերով սահմանված դեպքերում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պատճենը:
1.4. «Հաշտարարության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված փաստաթղթի փոխարեն հայցադիմումին կցվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից հաշտարարի նշանակման անհնարինության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության տրամադրած տեղեկանքը:
2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`
1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:
3. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումն ուղարկելը հավաստող ապացույցներ:
4. Հայցադիմումին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել հայցի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
5. Դիմումին կցվող փաստաթղթերի նկատմամբ տարածվում են սույն հոդվածով սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից:
(122-րդ հոդվածը լրաց. 16.11.22 ՀՕ-436-Ն)
(16.11.22 ՀՕ-436-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 12.04.24 ՀՕ-171-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)