Հոդված 325. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին գործով դատարանի որոշումը
Հոդված 325. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու մասին գործով դատարանի որոշումը
1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
1) վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
2) արբիտրաժային վարույթի կողմերի անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը.
3) արբիտրաժի վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
4) դատարանի եզրահանգումը՝
ա. արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու,
բ. կատարողական թերթ տալը մերժելու,
գ. սույն օրենսգրքի 323-րդ հոդվածի 6-6.2-րդ մասերով սահմանված դեպքերում՝ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու և արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ:
3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը մերժելը խոչընդոտ չէ արբիտրաժին կրկին դիմելու համար, եթե արբիտրաժին դիմելու հնարավորությունն սպառված չէ:
5. Այն դեպքում, երբ դատարանն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալն արբիտրաժային համաձայնությունն անվավեր ճանաչելու հետևանքով կամ այն հիմքով, որ վճիռ է կայացվել այնպիսի վեճի կապակցությամբ, որը նախատեսված չէր արբիտրաժային համաձայնությամբ կամ չի համապատասխանում նրա պայմաններին, կամ որոշում է այնպիսի հարցեր, որոնք դուրս են արբիտրաժային համաձայնության սահմաններից, ապա արբիտրաժային վարույթի կողմերը կարող են դիմել դատարան՝ իրենց մեջ առկա վեճը սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների համաձայն լուծելու համար:
(325-րդ հոդվածը խմբ. 03.05.23 ՀՕ-159-Ն)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)