Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-05-12-ից մինչև 2025-05-17։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 12 · ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Հոդված 126. Հայցադիմումի ընդունումը մերժելը

գործել է մինչև 2025-05-17Բացել ARLIS-ում

Հոդված 126. Հայցադիմումի ընդունումը մերժելը

1. Առաջին ատյանի դատարանը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե`

1) գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով.

2) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտ, բացառությամբ հայցը (դիմումը) առանց քննության թողնելու մասին որոշման.

3) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է արբիտրաժի վճիռ, ֆինանսական համակարգի հաշտարարի որոշում կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով արձակված կարգադրություն, բացառությամբ դատարանի կողմից արբիտրաժի վճռի կամ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշման հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալը կամ նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակվելը մերժելու դեպքի.

4) նույն անձանց միջև նույն առարկայի մասին և միևնույն փաստական հիմքերով գործի վերաբերյալ առկա է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշում.

5) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտմամբ:

6) հայցադիմումում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (հայցն ակնհայտորեն ենթակա է լինելու մերժման՝ անկախ դրա հիմքում դրված փաստերից).

7) հայցադիմում է ներկայացրել դրա իրավունքն ակնհայտորեն չունեցող անձը:

2. Առաջին ատյանի դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին կայացնում է որոշում՝ այն հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի հետ ուղարկելով հայցվորին: Դատարանի որոշումն ուղարկվում է նաև հայցադիմումում նշված այլ անձանց միջնորդության հիման վրա, բացառությամբ այն դեպքի, երբ ներկայացվել է հայցի ապահովում կամ ապացույցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն:

3. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են հայցադիմումի ընդունումը մերժելու բոլոր հիմքերը:

4. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը, իսկ սույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված անվերապահ բեկանման հիմքերից որևէ մեկով հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու դեպքում առաջին ատյանի դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են հայցադիմումի ընդունումը մերժելու կամ վերադարձնելու հիմքերը: Այս դեպքում հայցադիմումը համարվում է առաջին ատյանի դատարան ներկայացված այն սկզբնապես ներկայացնելու օրը:

(126-րդ հոդվածը խմբ. 23.12.22 ՀՕ-576-Ն, 26.06.23 ՀՕ-226-Ն, լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն, 24.10.24 ՀՕ-391-Ն)

(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(26.06.23 ՀՕ-226-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(24.10.24 ՀՕ-391-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։